Սաակաշվիլիի աջակիցներն ազատել են նրան Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսից (տեսանյութեր)

16:00 • 05.12.17

Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները նրան ազատել են ուժայինների միկրոավտոբուսից:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Նշվում է, որ ակտիվիստները կոտրել են նաև փոխադրամիջոցի ապակիները:

Հայտնի է, որ Սաակաշվիլին այժմ ելույթ է ունենում հավաքվածների առաջ, լսվում են «ամո՛թ է» և «Մի՛շա, մենք քեզ հետ ենք» վանկարկումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:


Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:


Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, վկայակոչելով ձայնագրությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «պետական իշխանության գրավման համար» կազմակերպված բողոքի ակցիաները մասամբ իբր հովանավորել է Վիկտոր Յանուկովիչի շրջապատից փախուստի մեջ գտնվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն: