Կյանքս կտամ հանուն Ուկրաինայի. Սաակաշվիլին կոչ է արել դուրս գալ «մայդան» ու տապալել Պորոշենկոյին (ուղիղ միացում)

16:46 • 05.12.17

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված, սակայն ավելի ուշ աջակիցների խմբի ջանքերով ուժայինների միկրոավտոբուսից ազատված Միխեիլ Սաակաշվիլին ամբոխի առաջ ելույթի ժամանակ կոչ է արել ուկրաինացիներին խաղաղ ցույց անելու նպատակով դուրս գալ «մայդան» ու պաշտոնանկ անել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Այսօր Պորոշենկոյի հանցախումբը կեղծ մեղադրանքների հիման վրա փորձում է ձերբակալել ինձ, որպեսզի կարողանա վտարել ինձ Ուկրաինայից: Հանուն Ուկրաինայի ազատության պատրաստ եմ կյանքս զոհել: Ուզում եմ կոչ անել բոլոր կիևցիներին հենց այսօր փողոց դուրս գալ, հավաքվել «մայդանում» ու սկսել Ուկրաինան Պորոշենկոյից ու նրա հանցախմբից ազատագրելու գործընթացը»,-մեջբերում է tvzvezda.ru-ն Սաակաշվիլիի խոսքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:


Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:


Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:


Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, վկայակոչելով ձայնագրությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «պետական իշխանության գրավման համար» կազմակերպված բողոքի ակցիաները մասամբ իբր հովանավորել է Վիկտոր Յանուկովիչի շրջապատից փախուստի մեջ գտնվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն: