Կարագի 80% թանկացումը պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, ձվի թանկացումը՝ սեզոնային պահանջարկի ավելացմամբ. Ա. Շաբոյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է, և իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության երևույթներ առկա չեն:
Մասնավորապես՝ կարագի շուկայի վերաբերյալ նա նշեց, որ սեպտեմբեր ամսից սկսած պարբերաբար կարագի գինը բարձրանում է, և այն շուրջ 80 տոկոսով թանկացել է, ինչն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով:
Ձվի շուկայի առումով, Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին շրջանում գները բարձրացել են 5-6 դրամով, իսկ խնդիրը պայմանավորված է սեզոնային պահանջարկի ավելացմամբ:
«Սովորաբար ամեն տարվա վերջին տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում, և տեղական արտադրողները որոշակի ավելացնում են արտադրության ծավալները կամ ներմուծումներ են իրականացնում: Պարզապես այս տարի որոշակի ներմուծումներ ուշացել են, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն ներկրումներ են իրականացվում, այնպես որ անհանգստանալու որևէ կարիք չկա, և այդ խնդիրը շուտով կկարգավորվի»,-ասաց նա և նշեց, որ ներկրում արվում է շուկայի հավասարակշռությունն ապահովելու համար:









