Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել

20:01 • 07.12.17

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացրել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆենովը:

Փաստաբանի խոսքով՝ պարզվել է, որ Վիտալինան տեղեկություններ է հավաքել ու լրատվամիջոցներին փոխանցել դերասանի անձնական և ընտանեկան կյանքի մասին՝ առանց նրա համաձայնության: 

82-ամյա դերասանի և նրա 38-ամյա արդեն նախկին կնոջ հարաբերությունների շուրջ հանրային սկանդալն սկսվել է հոկտեմբերի 10-ին, երբ դերասանը հիվանդանոց էր ընկել և հայտարարել, որ կինն ուզում է սպանել իրեն:

Որոշ ժամանակ անց Ցիմբալյուկը ազատվել է թատրոնից, որտեղ աշխատել էր Ջիգարխանյանի ղեկավարությամբ, այնուհետև հայտարարել էր ամուսնալուծության դիմում ներկայացնելու մասին:

Օրեր անց հայտնի էր դարձել Ջիգարխանյանի անձնագրի կորստի մասին, որն ավելի ուշ հայտնաբերվել էր Ցիմբալյուկի բնակարանում: