Ափսոսում եմ, որ նման հայտարարություն է եղել, որևէ չինովնիկ դրա իրավունքը չունի, թեկուզ անզգույշ. Շարմազանովը` Հակոբ Հակոբյանի հայտարարության մասին

22:18 • 08.12.17

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀԿ պատվիրակությանը կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ եղել է Չինաստանում, մասնակցել է Չինաստանի Կոմկուսի կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ 126 երկրի 200-ից ավելի պատվիրակ. այս մասին քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ միջկուսակցական հուշագրեր են ստորագրվել, ԱՊՀ անդամ երկրներից միայն ՀՀԿ-ն է հուշագիր ստորագրել Չինաստանի Կոմկուսի հետ, ինչ, ըստ նրա, շատ կարևոր է՝ Հաշվի առնելով Չինաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը:

«Մենք շարունակելու ենք կուսակցության արտաքին կապերի ամրապնդումը թե՛ Ռուսաստանի «Եդինայա Ռասիյա» կուսակցության, թե՛ եվրոպացի մեր գործընկերների, թե՛ Չինաստանի գործընկերների հետ»,- ասաց նա:

ՀՀԿ խոսնակը ներկայացրեց, որ կուսակցության նիստին անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանի հերթական քառօրյայի աշխատանքներին: Նա հիշեցրեց, որ 2018 թվականի բյուջեն հաստատվեց, ընդդիմությունը դեմ քվեարկեց, ինչը և սպասելի էր: Նա առանձնացրեց նաև ընտանիքում բռնության կանխարգելման նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը:

Նա նաև անդրադարձավ թանկացման վերաբերյալ որոշ ՀՀԿ-ականների հայտարարություններին ու դրանցից հետո առաջացած աղմուկին, նկատեց, որ թանկացումն իսկապես վատ բան է.

«Մեր Կառավարության, մեր իշխանության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ մենք լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են նախևառաջ մեր հասարակության խոցելի խավերի առջև: ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անի, թեկուզ անզգույշ: Այդ առումով ես ափսոսանքս եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է կամ կոնտեքստից հանվել է, կամ մեր գործընկերները արել են հայտարարություն անզգուշորեն: Այդ իմաստով ուզում եմ ասել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մենք, որպես իշխող կուսակցություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի քայլ առ քայլ մեր սիրելի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծվեն: Դրան են միտված թե՛ մեր կուսակցության, թե՛ մեր նախընտրական ծրագիրը, թե՛ կոալիցիոն հուշագիրը, թե՛ Կառավարության հնգամյա ծրագիրը, թե՛ բյուջեն, որն իր մեջ ունի կայունացման միտումներ, և եթե մենք ապահովեն նման աճի տեմպեր, հնարավոր է, որ 2019 թ-ից մենք երկարաժամկետ ապագայում ապահովենք ավելի մեծ տնտեսական աճ: Իրոք, խնդիրներ կան, դրանք քիչ չեն, և մեր նպատակն է քայլ առ քայլ գնալ դրանց լուծման ճանապարհով»,- ասաց նա: