Երբ Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք համապատասխան տեղեկություններ, կստուգենք դա և կհիմնավորվի, կհետևի քրեական համապատասխան ընթացակարգ. գլխավոր դատախազ

15:01 • 09.12.17

«Խոշոր ձկներին» բռնելու համար հարկավոր է պարզել՝ արդյո՞ք արարքը հանցագործություն է, և արդյո՞ք այդ հանցագործությունը հնարավոր է ապացուցել, թե՞ ոչ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «խոշոր ձկների գլխից» ե՞րբ եք բռնելու:

«Ես ձեզ խոստանում եմ՝ որ պահին, որ «խոշոր ձկան» արարքը հիմնավորվեց, ձեզ կհրավիրեմ...»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ մարդիկ խոշոր բիզնեսներ, տներ ունեն, դատախազը պատասխանեց, որ առաջիկայում ապօրինի հարստացման արարքը քրեորեն պատժելի կդառնա, նրանց ունեցվածքը ավելի մանրամասն կստուգվի:

Դիտարկմանը, թե որևէ «խոշոր պաշտոնյա» երբևէ պատասխանատվություն չի կրել, ապա Արթուր Դավթյանը նշեց. «Ինչո՞ւ եք մտածում, որ բոլորն, անպայման, հանցագործություններ են անում: Պետք է հասկանանք՝ արդյո՞ք ձեռքբերվածը կատարված  հանցագործության արդյունքում է, արդյո՞ք մեզ հաջողվում է  հիմնավորել, որ դա հանցագործության կատարման արդյունք է»:

Դիտարկմանը, թե փաստորեն Ձեզ այսքան տարի չի հաջողվել ապացուցել, որ դա հանցագործություն է, դատախազը չհամաձայնեց, ասաց, որ բազում դեպքեր են հայտնաբերել:

Խոսելով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին` գլխավոր դատախազն ասաց.«Երբ որ մենք նույն Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք համապատասխան տեղեկություններ, կստուգենք դա և կհիմնավորվի, անկախ նրանից նա աշխատում է, չի աշխատում ազատվել է, երբ է ազատվել, կհետևի քրեական համապատասխան ընթացակարգ»։