Շինաշխատանքներն ընթացքի մեջ են` նախ որակով, ապա արագ. Երևանի Կրկեսի գլխավոր ինժեները Կրկեսի բացման նախնական ժամկետ դժվարանում է նշել  

12:18 • 10.12.17

 

Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Կրկեսի բացման համար կոնկրետ ժամկետ դժվարանում է նշեց։ Tert.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ թեև կրկեսի շենքում իրականացվող աշխատանքների մեծ մասն արդեն արվել է, դեռևս կոմունիկացիաների հետ կապված աշխատանքներն ավարտված չեն: «Աշխատանքները ընթացքի մեջ են, իրենց հունով գնում են. առաջին հերթին որակով, հետո` արագ, որ շատ սպասեցնել չտանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախկինում տարբեր ժամկետներ էին նշվում Կրկեսի բացման համար, նույնիսկ ասվում էր, որ այս տարվա աշնանը կրկեսն արդեն պետք է բացված լիներ, գլխավոր ինժեներն ասաց, որ Կրկեսի շենքը, տեխնիկական նկատառումներից ելնելով, բարդ կառույց է և ռեալ չէ ասել, թե աշխատանքները կավարտվեին 2015, 2016 թե 2017 թվականին:

«Կրկեսի բացման համար նախնական ժամկետ չեմ կարող նշել, բայց կարող եմ վստահեցնել, որ աշխատանքները ոչ մի վայրկյան` բացառությամբ ամանորյա տոներից, չեն  դադարել: Հարցեր կային տեխնիկական լուծումների հետ կապված, այլ տեխնոլոգիական նորարարություններ են ցանկանում մտցնել։ Քանի որ չգիտեմ, թե դա ինչ է լինելու, որքան ժամանակ է պահանջելու, դրա համար հստակ ժամկետ չեմ կարող նշել: Բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ արվում է, արվում է մաքսիմալ որակով, արագ և ձգձգման խնդիր բացարձակ չկա»,-ասաց նա:

Ի պատասխան Tert.am-ի մասնավորեցնող հարցին, թե հնարավոր չէ՞ նույնիսկ հստակեցնել, թե որ թվականին կավարտվեն աշխատանքները, Կրկեսի գլխավոր ինժեները խնդրեց առաջիկա 5 տարիներին իրեն այդ հարցը չտալ:

«Համենայնդեպս, մի տարվա մեջ չեմ կարծում, որ կավարտենք: Ինքս կուզենայի ամեն ինչ ավարտված լիներ, այդ քննադատությունները, հայացքները չլինեին և ես էլ իմ երեխաներին տանեի կրկես, բայց ամեն ինչ իր հունով գնում է, եկեք պրովոկացիայի չենթարկենք»-ասաց նա և վստահեցրեց, որ աշխատանքների ընթացքին խանգարող ֆինանսական հարցեր ևս չկան:

«Այն, ինչ ծրագրված է առ այսօր, արվում է։ Մի բան էլ ավելի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կրկեսի շենքում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից:

 

Շինաշխատանքներն ընթացքի մեջ են` նախ որակով, ապա արագ. Երևանի Կրկեսի գլխավոր ինժեները Կրկեսի բացման նախնական ժամկետ դժվարանում է նշել