2018-ին դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Սերժ Սարգսյան

00:53 • 15.12.17

Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, իսկ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պլանավորում անել Կառավարությունը սոցիալական լարվածությունը մեղմելու համար հաշվի առնելով, որ 2018թ. կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, իսկ պարենային ապրանքների գները բարձրանում են:

«Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է, և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Հիմա կասեք՝ ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։ Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում՝ հաշվի առնելով, որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի՝ դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017թ-ի համար էլ նախատեսված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ-ին։ Այսինքն՝ ոնց ուզենք չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա կարևորը, ոնց որ մենք հիմա այդ շրջանակներում ենք»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: