Կզզվեն իրենց արածից, կթողնեն կգնան. ես խառնվելու մտադրություն չունեմ. ԵՊՀ ռեկտորը՝ հացադուլը վերսկսած ուսանողների մասին
Լսարանում փակվել են, իրենց համար հայտարարություններ են անում, մենք խառնվելու մտադրություն չունենք, Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից երկուսի՝ Դավիթ Պետրոսյանի և Յուրի Ավագյանի այսօր վերսկսված հացադուլին: Նրանք փակվել են ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։
ԵՊՀ ռեկտորի տեղեկացմամբ հացադուլի մասնակից՝ Յուրի Ավագյանը ներկայումս իրենց բուհի ուսանող չէ, անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից:
«Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ: Կզզվեն իրենց արածից, կթողեն կգնան»,-ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով ինքը երբևէ չի բանակցել հացադուլ անող ուսանողների հետ և դրա անհրաժեշտությունը հիմա էլ չի տեսնում:
«Ինչի՞ պետք է նրանց հետ բանակցեմ , ասեք ես հասկանամ: Ես համոզված էլ չեմ, որ նրանք հաց չեն ուտում: Դավիթ Պետրոսյանը նստել է, իր համար որոշել է, գնամ, ասեմ՝ հացադուլ մի արա՞, մեծ տղա է, եթե որոշել է սոված մնալ, թող մնա»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ բուհի ուսանողությունը ցանկություն չի հայտնել աջակցելու հացադուլ սկսած ուսանողներին կամ միանալու նրանց պահանջին, քանի որ նաև քննական շրջան է և ուսանողները զբաղված են քննություններով ու ստուգարքների հանձնումով:
«Մարդիկ զբաղված են իրենց ամենօրյա գործունեությամբ ստուգարքներն ու քննությունները պետք է թողնեն գնան միանան իրենց որ ինչ, ինչի համար: Այդ տղաները սպառել են իրենց, դա արդեն ժամանակավրեպ գործ է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Tert.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է ուժի գործադրմամբ փորձ արվի ուսանողներին դուրս բերել լսարանից, Արամ Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն միջամտելու:
«Խառնվելու մտադրություն չունենք, բռնություն գործադրելու մտադրություն չունենք, չնայած երկու րոպեում էլ դա կարող ենք անել, բայց չենք անում: Մենք զբաղված ենք մեր ամենօրյա գործունեությամբ»,-եզրափակեց ռեկտորը:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Իսկ նոյեմբերի 22-ին նախաձեռնության անդամները կլոր սեղան-քննարկման մասնակցեցին իշխանությունների հետ:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։










