Երևանում բողոքի ցույց-ավտոերթ տեղի կունենա կապված աջ ղեկ մեքենաների ներմուծման արգելքի հետ
Դեկտեմբերի 22-ին ժամը 3-ին «Աջ ղեկ» նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել բողոքի ցույց-ավտոերթ կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ավտոերթին մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 450-500 մարդ վարորդ, բայց նախատեսվում է մինչև 100 մեքենայով երթ իրականացնել՝ խցանումների չառաջացնելու համար:
«Մենք չենք ցանկանում ամանորի նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել: Ուզում ենք արվարձաններից մեկից սկսել ավտոերթը, երևի Հարավարևմտյան թաղամասից, այստեղ բաց տարածությունները մեծ են: Այդտեղից մենք շարժվելու ենք դեպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն»,- նշեց նա:
«Աջ ղեկ» նախաձեռնության կազմակերպած ավտոերթի նպատակը օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ մտահոգությունների և պահանջների ներկայացումն է նախարարությանը: Մասնավորապես, Գևորգ Աճեմյանի խոսքով՝ իրենք պահանջելու են բացառել վերահաշվառման սահմանափակման դրույթը:
«Հետագա շահագործման և վերահաշվառման կետերը պետք է բացառվեն, դա քննարկման ենթակա չէ, իսկ արդեն ներմուծման հետ կապված արգելքը, մաքսազերծման դրույքաչափը քննարկելի է: Ներկրման արգելքի հետ կապված առաջարկելու ենք, Ռուսաստանի և Վրաստանի օրինակով մաքսազերծման դրույքաչափը մի քիչ մեծացնել, ոչ թե ամբողջովին արգելել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 1-ից կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական edraft.am արդեն քանի օր է քննարկման է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» օրենքի նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգավոր է:
Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:










