ՀՀ–ԵՄ համաձայնագիրը ՌԴ ազգային շահերին սպառնալիք չէ, եթե այն չի խախտում ՀՀ–ի՝ ԵԱՏՄ պարտավորությունները. Զատուլին

13:58 • 19.12.17

Մենք չենք համարում, որ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիր կնքելը սպառնալիք է՝ Ռուսաստանի ազգային շահերին ուղղված, եթե, իհարկե, այն չի խախտում Հայաստանի պարտավորվածությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում. լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի՝ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ լինելու հնարավորության մասին՝ այսպես ասաց ռուս հայտնի վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Այո, մենք նկատի ենք առնում և ունենք իրավունք նկատի առնելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև այն, որ աշխարհի հայերը դրական են տրամադրված Ռուսաստանի և նրա քաղաքականության նկատմամբ, և շատ հաճախ այդ մասին արտահայտվում են այլ երկրներում ապրող հայերը»,- ասաց նա:

Անդրադառնալով եվրոպական կողմի ներկայացուցիչների, մասնավորապես վերջերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքին, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ Ֆրանսայի և ԵԱՏՄ շուկայի միջև՝ կնքելով ԵՄ-ի հետ համաձայնագիր, Կոնստանտին Զատուլինը համաձայնեց, որ հիմքեր կան, որպեսզի եվրոպացի դիվանագետի ասածն իրականանա։ 

«Բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, և այն վարում է ուղիղ երկխոսություն եվրոպական երկրների հետ, և այդպես լինելու է նաև հետո: Այդ առումով՝ չի կարելի ասել, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը պետք է վստահենք մեկ այլ երկրի, հույս ունենք, որ մեր փոխարեն մեր խնդիրը կլուծի ուրիշը: Իհարկե, մենք ենք նախ պատասխանատու այդ երկխոսության համար, բայց եթե կան երկրներ, որոնք այդ հարցում մեզ կօգնեն, շնորհակալ կլինենք»,- ասաց նա:

Կոնստանտին Զատուլինը խոսեց նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ: Նա մատնանշեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը հետ չի կանգնի իր ցանկությունից՝ Լեռնային Ղարաբաղն իր կազմում տեսնելուց:

«Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում՝ կողմերի միջև եղած անհամաձայնությունների պատճառով: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի համաձայնի լինել Ադրբեջանի կազմում: Դա փաստ է, որի հետ վաղ թե ուշ պետք է հաշտվել, բայց այդ մտքի հետ Ադրբեջանը, հայտնի է, չի հաշտվում: Նա անում է շատ բարձր հայտարարություններ հողերի մասին, որոնք պետք է վերադարձնել: Կարծում եմ, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է մոտ լինել իր հանգուցալուծմանը, եթե կողմերը ելնեն սկզբունքից խաղաղ հանգուցալուծման ու հանեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում եղած բոլոր արգելքները. դա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, Ադրբեջանին վերադարձնել հակամարտության ժամանակ Լեռնային Ղարաբաղի կողմից գրաված տարածքները, լինի գործարք կողմերի միջև, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակավայրեր»,- ասաց նա: 

Նա նշեց, որ առաջիկայում չի սպասում լուրջ ճեղքում կարգավորման գործընթացում: Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ դա երկարատև գործընթաց է, Ադրբեջանում եղած տրամադրվածությունները հաշվի առնելով՝ նման բան սպասել պետք չէ:

«Ես իմ ջանքերը գործադրում եմ, որ այլևս սուր ռազմական հակամարտություն չլինի: Արյուն չլինի, նորից չվերսկսվեն ռազմական գործողությունները: Դա ամենակարևոր դիրքորոշումը պետք է լինի»,- ասաց նա