Եթե Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կապվի Ռուսաստանի հետ, Ադրբեջանի շրջափակումը կարելի է վերացված համարել. Շիրակ Թորոսյան 

19:00 • 23.12.17

Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ֆորսմաժորային դեպքում կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքի տրանսպորտային միջոցներից վերաբերում է խճուղային ճանապարհին:

Tert.am-ին հայտնեց Հանրապետական խմբակցության  պատգամավոր,  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը` որ Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքնե­րից։ Այս հայտարարությունը մի կողմից մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում, մյուս կողմից թերահավատությամբ է ընդունվում Հայաստանում: Վերջին դեպքում, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ  այս միջանցքների բացումը ռուս-վրացական տասնամյակների վաղեմության բարդ հարաբերությունների առանցքում է, և բնականաբար, չի կարող ստանալ հանգուցալուծում առանց վրաց-ռուսական բանակցությունների:

«Որևէ շինարարության կարիք չկա, այդ ճանապարհները կան, գործում են` և՛ Ռոկի թունելը, և՛ Աբխազիայինը, ու որևէ վերանորոգման անհրաժեշտություն չկա:  Եվ խոսքն առայժմ ճանապարհի մասին է: Իհարկե, իդեալական կլիներ, եթե դա վերաբերեր աբխազական երկաթուղուն»,-ասաց Շիրակ Թորոսյանը՝ նշելով նաև, որ սա այն է, ինչի մասին խոսում էր ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ասելով, որ Վերին Լարսին փնտրվում է այլընտրանք:

Ինչ վերաբերում է տարակուսանքին` թե կա վրաց - ռուսական՝ տասնամյակներ տևող խնդիր, հետևաբար, տեղեկատվությունն այնքան էլ վստահելի կարող է չլինել, ԱԺ պատգամավորն ասաց. «Իրականությանը այս տեղեկատվությունը  համապատասխանում է այն պարզ պատճառով, որ արդեն կա Վրաստանի կառավարության և շվեյցարական կազմակերպության միջև ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ շվեյցարական կազմակերպությունը պետք է ապահովի   Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային փոխադրումները՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով: Դա արդեն ստորագրված է»։

Հիշեցնենք, որ  Վրաստանի վարչապետը ասել էր նաև, որ այդ հնարավորությունից Հայաստանը կարող է օգտվել  Վերին Լարսի անցակետի՝ եղանակային պայմաններով փակվելու դեպքում. ձմռանը ձնահոսքերի, իսկ գարնանը և ամռանը հեղեղումների պատճառով փլուզումների դեպքում:

Ինչպես գրում է այսօրվա  «Ժամանակ» օրաթերթը՝ «Եթե այս հայտարարությունը իրա­գործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկա­թուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռն­ած Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբվանից Հայաստանը կկարողանա օգտվել այդ հնարավորությունից, Շիրակ Թորոսյանը նկատեց՝ սա Հայաստանի-Վրաստանի-Ռուսաստանի միջև քաղաքական համաձայնության հարց է, որը կարելի է լուծված համարել՝ հաշվի առնելով, որ կան կողմերի ստորագրությունները:

Ենթադրվում է, որ դա եղել է ռուս-վրացական բանակցությունների օրակարգում:

 

 

Եթե Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կապվի Ռուսաստանի հետ, Ադրբեջանի շրջափակումը կարելի է վերացված համարել. Շիրակ Թորոսյան