Լարսում ահավոր է՝ կիլոմետրանոց կուտակումներ, մարդկանց շատ թանկ սնունդ են վաճառում, ասում է բեռնատարի վարորդը

12:50 • 26.12.17

Լարսում, չնայած լավատեսական հայտարարություններին, մեքենաների կիլոմետրանոց շարասյուններ են: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լարսի ճանապարհին՝ Մինվոդիում գտնվող բեռնատարի վարորդ Դավիթը, ով ապարդյուն փորձում էր կապ հաստատել Լարսում գտնվող ընկերների հետ:

«Ահավոր է, միայն 6 կիլոմետրանոց շարասյուն Լարսի մոտ է, քիչ վերև էլ՝ Ռուսաստանի տարածքում՝ ավելի երկար»,-ասաց Դավիթը: 

Վերջինիս տեղեկացմամբ, հայտարարությանը, որ այսօրվանից պետք է ճանապարհը բացվի նաև բեռնատարների համար, ճիշտ չէ, քանի որ միջին բեռնատարների ու ավտոբուսների համար ճանապարհը դեռ փակ է:

Վարորդը հաղորդեց նաև, որ Լարսում գտնվող մարդկանց սնունդ վաճառում են շատ թանկ գներով, և շատերը, որոնք վերադառնում են Ռուսաստանից, ուղղակի սնունդ գնելու գումար չունեն: