2018-ը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի. Ալեքսանդր Լապշին

20:53 • 27.12.17

Բաքվի բերդում բանտարկությունից ազատված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անեկդոտ է հրապարակել «իր և Ադրբեջանի հարաբերությունների» մասին, որը փոխանցել են հայ ընկերները:

Բլոգերը անեկդոտին կից նշել է, որ 2018 թվականը Բաքվի համար պատժի տարի է դառնալու: «Լապշինը սիրում էր Ադրբեջանը, և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսական հարցն էր: Ի՞նչ կապ ունի այստեղ գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը հողի մեջ հայտնվեր, իսկ Լապշինը ցանկանում էր, որ այնտեղ գտնվեին նրանք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Լապշինը՝ 2018 թվականը Բաքվի պատժի տարի հռչակելով:

Բլոգերը նշել է նաև, որ մտադիր է «Ադրբեջանից գումար քամել» Ստրասբուրգյան դտարանի միջոցով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լապշինը մտադիր է Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: