Մելանյա Թրամփը կարգադրել է հատել Սպիտակ տան ամենահին ծառը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան սիզամարգում աճող ամենահին ծառը, որը տնկվել է 19-րդ դարի կեսին, կհատվի առաջին տիկին Մելանյա Թրամփի որոշմամբ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 47-ամյա տիկին Թրամփը համապատասխան կարգադրություն է տվել, քանի որ 1835թ. ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի կողմից իր կնոջ պատվին տնկված մագնոլիան խիստ վնասված է ու չի տապալվում միայն ներքևում տեղադրված հատուկ ամրակների շնորհիվ:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին տիկինը ծառը հատելու կարգադրություն է տվել, որպեսզի այդպիսով հնարավոր լինի ապահովել Սպիտակ տան այցելուների անվտանգությունը:
Բացի այդ, նա կարգադրել է պահպանել փայտանյութի մի մասն ու սերմերը, որպեսզի նույն վայրում նոր մագնոլիա տնկվի:
Նշվում է, որ մագնոլիան ամերիկացիների համար պատմական ծառ է: Ժամանակին այն պատկերված է եղել 20 դոլարանոց թղթադրամների վրա: Մինչդեռ նախկին առաջին տիկին Միշել Օբաման դրա սերմերն ուղարկել էր Կուբա:















