Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացել է. «Ճվճըվ Արոյի» որդին ձերբակալվել է

21:24 • 08.01.18

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում «ԲՄՎ X6» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանների բախման հետևանքով այսօր մահացել էր «Տոյոտա»–ի վարորդ, ՃՈ աշխատակից Արեգ Դավթյանը, ևս մեկ ՃՈ ծառայող տեղափոխվել էր հիվանդանոց. քիչ առաջ նա ևս մահացել է։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Հիվանդանոց տեղափոխված Խաչիկ Գասպարյանը մահացել է»։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 04:40-ի սահմաններում։ «ԲՄՎ X6» մակնիշի և «ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:

Տեղի ունեցածից հետո «ԲՄՎ X6» ավտոմեքենայի վարորդը, ով, ըստ տեղեկությունների, «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանն է, լքել էր դեպքի վայրը:

Ավելի ուշ ոստիկանությունից հաստատեցին Tert.am-ի այն տեղեկությունը, որ Սարգիս Վարդանյանը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանություն։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

 

Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացել է. «Ճվճըվ Արոյի» որդին ձերբակալվել է