Թուրք-հայկական սահմանին պատ չի կառուցվի, կտեղադրվեն էլեկտրոնային սարքավորումներ. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ պետական սահմանին առայժմ պատ չի կառուցվի, սակայն անվտանգության նկատառումներով սահմանային գոտին կհամալրվի նոր էլեկտրոնային սարքավորումներով: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Կարծում եմ՝ 1-2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցառումներ կիրականացնենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այդ հատվածում միայն նոր էլեկտրոնային համակարգեր կտեղադրվեն»,- ասել է Սոյլուն:
Ըստ թուրք նախարարի՝ նույն կերպ Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Վրաստանի հետ սահմանին: Պատի կառուցում թուրք-վրացական սահմանին նույնպես չի սպասվում:
Սոյլուն նաև խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի մասին և հայտնել, որ աշխատանքների գրեթե կեսն արդեն ավարտված է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ պատը կունենա 144 կմ երկարություն:
Նշենք, որ անցյալ տարի Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը:










