«Թոփ-Սփին» ապահովագրական գործակալությունը դադարեցրել է Բագրատաշենի մաքսատան տարածքում աշխատանքը
Բագրատաշենի մաքսատան տարածքում մեքենաների ապահովագրական պայմանագրեր կնքող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին երեկ երեկոյան ժամը 22:00-ից մինչև հիմա չի աշխատում: Այս մասին Tert.am-ին հայտնեց նախօրեին բողոքի ակցիա իրականացրած Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալներից Արգիշտի Դովլաթյանը:
«Չգիտենք՝ հիմնական է փակվել, թե ոչ, անորոշ է, բայց այս պահին չեն աշխատում: Չնայած, «Թոփ-Սփինում» աշխատող տղաները դուրս էին եկել և վերադարձել էին իրենց հին տեղը: Բոլորին մենք ճանաչում ենք, այսօր իրենց հին գրասենյակում նստած էին»,- հայտնեց Արգիշտի Դովլաթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեն հանդիպում է կազմակերպել բողոքող գործակալների հետ՝ խնդրի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար:
«Իրենք են հրավիրել, ամեն գրասենյակից մեկ հոգի: Այս պահին սպասում ենք, որ մտնենք ներս, հանդիպենք, քննարկենք հարցը»,- ասաց ԱՊՊԱ գործակալը:
Հիշեցնենք, որ ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները հունվարի 8-ին մոտ 20 րոպեով փակել էին Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը։ Գործակալները նշում են, որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից: «Թոփ-Սփին» ընկերությունը, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, իսկ իրենք ստիպված են մաքսատան տարածքից դուրս տեղակայված գրասենյակներում աշխատել։
Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները հունվարի 9-ին գրավոր դիմումներ են ներկայացրել Պետեկամուտների կոմիտե և վարչապետին հետևյալ պահանջով՝ կամ մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր կնքող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին դուրս հանել տարածքից, կամ մյուս գործակալություններին էլ հնարավորություն տալ մաքսատան ներսում ապահովագրական գործունեություն ծավալել:










