Բանակում ի՞նչ կա, որ գողանան. Հայկազ Բաղմանյան

16:30 • 11.01.18

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է մամուլի կողմից շրջանառվող տեղեկությանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցով գեներալական հավաքներ են լինում, ինչպես նաև բանակից չգողանալու՝ Սեյրան Սարոյանի հայտնի մեկնաբանությանը:

-«Հայկական ժամանակը» նախօրեին գրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, և որ օրերս Երևանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական հավաք է տեղի ունեցել: Ինչպես լրատվամիջոցին հայտնել են իրազեկ աղբյուրները՝ գեներալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի, և ակտիվ քննարկումներ են սկսվել՝ իրենց համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ, ինչն արտահայտվելու է Սերժ Սարգսյանին առաջարկ անելու միջոցով: Այս պահին հնարավոր չէ ճշտել կամ հաստատել լուրի իսկությունը, սակայն որպես գեներալ՝ ի՞նչ կարծիքի եք:

-Չեմ կարծում, որ նման բան լինի: Իհարկե, կա Գերագույն գլխավոր հրամանատար, և չեմ կարծում, որ զինվորականները պետք է...

-Բայց չէ՞ որ Գերագույն գլխավոր հրամանատարը նաև զինվորականներին լսելու հնարավորություն ունի։

-Այսինքն՝ զինվորականները պիտի առաջարկություննե՞ր անեն: Որոշում է Գերագույն գլխավոր հրամանատարը:

-Այնուամենայնիվ, եթե լինի նման որոշում, ինչպե՞ս կվերաբերվեք:

-Եկեք ենթադրություններով չզբաղվենք: Սենց խոսակցություններ կան... չգիտեմ ինչ: Դրանք բոլորը ենթադրություններ են, իսկ մենք ենթադրություններով չենք խոսում:

-Պաշտոնանկությունից հետո ինչո՞վ եք զբաղվում:

-Հանգստանում եմ:

-Ուրիշ ի՞նչ եք անում:

-Ոչ մի բան, հանգստանում եմ:

-Իսկ փողոց դուրս գալի՞ս եք. կաբինետներից կյանքին այլ աչքերով են նայում: Նկատե՞լ եք թանկացումներ։

-Երեկ Նախագահը խոսեց այդ մասին, մեկնաբանեցին:

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից հետո՞ միայն իմացաք, որ թանկացումներ են եղել, մինչ այդ չգիտեի՞ք:

-Գիտեինք, իհարկե գիտեինք:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը մեղք չէ՞։

-Ո՞ր առումով:

-Սոցիալական պայմանների:

- Դե, ով ուզում է աշխատի, աշխատում է, ով չէ՝ փնովում են անընդհատ: Իսկ մարդիկ՝ այդ թվում դուք՝ լրագրողներդ, ովքեր աշխատում են, ապրում են:

-Պարո՛ն Բաղմանյան, Ձեր պաշտոնանկության առիթով լրագրողների դիտարկմանը, թե ունեք շքեղ մեքենա, Սեյրան Սարոյանն ասել էր, որ ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, և իրենց դրսի ընկերներն օգնում են իրենց, որ գեներալները բանակից չգողանան: Չե՞ք նեղացել Սեյրան Սարոյանից:

-Չեմ կարծում, որ այդ նպատակով է ասել: Համ էլ բանակում ի՞նչ կա, որ գողանան… Լավ, Ձեր Նոր տարին շնորհավորեմ, լավ տարի լինի, ամենակարևորը՝ խաղաղություն լինի: