Գերմանիայի խոշորագույն քաղաքական ուժերը մոտեցել են նոր կառավարական կոալիցիայի կազմավորմանը

16:07 • 12.01.18

Գերմանիայի խոշորագույն քաղաքական ուժերն «առաջընթացի» են հասել կառավարական կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններում, որոնց մասնակցել են երկրի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», բավարական «Քրիստոնեա-սոցիալական միությունը» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Ինչպես նշում է Frankfurter allgemeine Zeitung-ը, հանդիպումը տևել է ավելի քան մեկ օր, իսկ քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները հիմնականում վերաբերել են ֆինանսական հարցերին և փախստականներին ընդունելու խնդրին:

«Բանակցությունները տևել են ավելի քան 24 ժամ: Առաջին բանակցողները հանդիպել են երեկ՝ ժամը 08:00-ին, նախկին կանցլեր Վիլլի Բրանդտի տանը: Սա ռեկորդային տևողությամբ բանակցություններ են: Համենայն դեպս, դրանք տևեցին ավելի երկար, քան Ուկրաինայի և Հունաստանի ճգնաժամերի վերաբերյալ բանակցությունները», - նշել է աղբյուրը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերին Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարան անցած ուժերին չի հաջողվում կոալիցիա կազմել։