Իմ կենսագրությունը թելադրում է, որ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել. Լևոն Մկրտչյանը` իր հետագա պաշտոնավարման մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ողջունում է ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը վստահ է, որ այս անձը համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք ի սկզբանե իշխանությունն ուրվագծել էր:
«Արմեն Սարգսյանին ես բախտ ունեցել եմ ճանաչելու դեռ ուսանող ժամանակներից, քանի որ մեր համալսարանի շատ վառ դասախոսներից էր: Ինքը և՛ շատ լավ գիտնական է, և՛ շատ լավ հասարակական գործիչ։ Կարողացել է Հայաստանի բոլոր քաղաքական վայրիվերումների ժամանակ պահել ակադեմիական չեզոքություն: Նա նաև սփյուռքում ունի որոշակի հեղինակություն, վստահ եմ՝ իր ներհայաստանյան և արտաքին աշխարհում ունեցած հեղինակությամբ համապատասխանում է պաշտոնին»,- շարունակեց Լևոն Մկրտչյանը:
Դաշնակցական նախարարը խոսեց նաև իր հետագա պաշտոնավարման հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլին վարչապետ է փոխվելու: Հարցին՝ վարչապետի փոփոխությունից հետո կշարունակի՞ լինել նախարար` Լևոն Մկրտչյանը կատակով պատասխանեց.
«Ես սովոր եմ, ինչ լուծում էլ, որ լինի: Այսինքն` ինձ իմ նախորդ կենսագրությունը թելադրում է, որ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել, ինչպես կորոշվի՝ չգիտեմ, սա քաղաքական գործընթաց է»:
Լևոն Մկրտչյանը վստահեցրեց՝ Դաշնակցությունում էլ իր հետագա պաշտոնավարման մասին քննարկում չի եղել։
«Ես Դաշնակցության գերագույն մարմնի անդամ եմ, և մեզ մոտ էլ քննարկումներ չկան»,- եզրափակեց նա։










