Նազարբաևը ԱՊՀ երկրներին «մասթեր-կլաս» ցուցադրեց, թե ինչպիսին պետք է լինի իրական «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը․ Էդուարդ Աբրահամյան
Մոտ մեկ տարի ձգվող Աստանայի հետևողական աշխատանքը՝ բարձրացնելու Ղազախստան-ԱՄՆ փոխհարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա, շոշափելի արդյունք տվեց․Tert.am-ի հետ զրույցում, խոսելով վերջերս հանկարծակի ծագած ԱՄՆ-Ղազախստան «սիրախաղի» մասին, այսպես ասաց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
Նրա հետ քննարկել ենք հունվարի 16-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից եղած արդյունքները և դիտարկել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Ղազախստանի քաղաքականությունն Արևմուտքի հետ:
«Նուրսուլթան Նազարբաևը ԱՄՆ այցի ժամանակ ոչ միայն արժանացավ Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի ընդունելությանը, ինչը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համար եզակի դեպք կարելի է համարել, այլև՝ ստորագրեց Ընդլայնված Ռազմավարական Գործընկերության երկկողմանի համաձայնագիր՝ մի փաստաթուղթ և փոխհարաբերությունների մակարդակ ԱՄՆ-ի հետ, որը չունի և ոչ մի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ պետություն»,- նշեց նա:
Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ այդ փաստաթուղթն ուշագրավ է այն առումով, որ Ղազախստանը, որպես Միջին Ասիայի հետխորհրդային երկրների ԱՄՆ հիմնական ռազմավարական գործընկեր, այսուհետ, Վաշինգտոնի հետ ունենալու է տնտեսական, ռազմաքաղաքական և անվտանգային ընդհանուր շահեր և տեսլական։
«Ուշագրավ է, որ Նազարբաևն ու իր թիմն, ընդհանրապես, վերջին շրջանում հանդես են գալիս որպես միջինասիական հինգ երկրի շահերի պաշտպան և համադրող երկիր ՝ զգալիորեն բարձրացնելով Ղազախստանի քաղաքական կշիռն ու դերը։ Այս հարցը, ինչ խոսք, չի կարող միանշանակորեն ընկալվել, հաշվի առնելով դիցուք՝ Ղրղզստանի հետ ունեցած պաշտոնական Աստանայի քաղաքական ճգնաժամը, որն Աթամբաևի հեռանալուց հետո մեղմացավ, բայց չվերացավ»,- նշեց նա:
Վերադառնալով ԱՄՆ-Ղազախստան ռազմավարական գործընկերության թեմային՝ Էդուարդ Աբրահամյանը հատկանշական համարեց այն, որ ստորագրված փաստաթուղթը կազմված է ռեալպոլիտիկի և նեո-ռեալիզմի քաղաքական գաղափարախոսության համատեքստում՝ առաջնահերթություն համարելով տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային լայն համագործակցության ընդլայնումը, անվտանգության հարցերն ու ռազմական համագործակցությունը և մի կողմ դնելով նորմատիվային հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ դեմոկրատական ինստիտուտների, մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերը։
Փորձագետը նկատեց՝ փաստաթղթում առկա չէ որևէ հիշատակում ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի վերաբերյալ: «Դա թույլ է տալիս ենթադրել, որ Ղազախստան-ԱՄՆ փոխհարաբերությունների մակարդակն ու զարգացումը պայմանավորված չէ ԱՄՆ-Ռուսաստան կամ Ղազախստան-Ռուսաստան փոխհարաբերությունների կոնյուկտուրայով կամ թեկուզ ՀԱՊԿ-ԵԱՏՄ գործոններով»,-նշեց նա:
Այս համատեքստում փորձագետը վերլուծեց Ղազախստանի՝ ընդհանրապես Արևմուտքի հետ վարած քաղաքականությունը: Մասնավորապես հիշատակեց, որ 2015 թվականին Ղազախստանը ԵՄ-ի հետ ստորագրեց մոտավորապես նույն մակարդակի փաստաթուղթ, ինչպիսին նախորդ տարվա վերջին Հայաստանը:
«Աստանան, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ակտիվորեն խորացնում է իր հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի հետ։ Մասնավորապես, Աֆղանստանի հետ կապված՝ ԱՄՆ պետքարտուղարության կողմից առաջարկված նոր ծրագրերում նկատելի են միտումներ Ղազախստանին ներկայացնելու, որպես լոգիստիկ և տարածաշրջանային անվտանգության առումով ֆունկցիոներ-երկիր, ԱՄՆ հիմնական գործընկեր»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱՄՆ-Ղազախստան նոր համաձայնագրում ներառված անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող բաղադրիչն էլ ավելի դյուրին է դարձնում ՆԱՏՕ-ի ժամանակակից սպառնալիքներին առնչվող ծրագրերին Ղազախստանի ներգրավումը:
Նուսուլթան Նազարբաևը ԱՊՀ երկրներին յուրօրինակ «մասթեր-կլաս» ցուցադրեց, թե ինչպիսին պետք է լինի երկրի իրական «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը․ այս համոզմանն է Էդուարդ Աբրահամյանը:
«Սակայն այստեղ այլ բան է նաև կարևոր․ԱՄՆ-Ղազախստան համաձայնագիրը ցույց տվեց, որ Աստանան ընկալել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից դավանվող և առաջնորդվող արտաքին քաղաքական առաջնահերթությունների տրամաբանությունն ու ԱՄՆ վերափոխվող արտաքին քաղաքական սկզբունքները։ Այլ կերպ ասած՝ Ղազախստանը սրանով ցույց տվեց, որ ադապտացվել է նոր արտաքին քաղաքական և միջազգային հարաբերություններում արմատավորվող նեո-ռեալիստական բնույթ ունեցող աշխարհակարգին»,- ասաց նա՝ եզրահանգման գալով` պետք է արձանագրել, որ այս պահի դրությամբ որևէ ՀԱՊԿ/ԵԱՏՄ անդամ պետություն իր արտաքին քաղաքականության մեջ Ղազախստանի մակարդակի նման դիվերսիֆիկացիայի չի հասել և միջին հեռանկարում, հավանաբար, չի էլ հասնի»:










