«Հաջորդիվ ես ուշադրություն եմ դարձնելու հանրահավաքների իրավունքների ազատության միջամտությանն ու դրանց սահմաններին». Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

19:18 • 20.01.18

ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքները հակասահմանադրական է ճանաչել ոչ թե նրա համար, որ դրանք վատն են, այլ որ սխալ են կիրառվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով իր դոկտորական ատենախոսության պաշտպանության մասին:

Գևորգ Կոստանյանի ատենախոսության թեման էր «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական և կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներ»:

Կոստանյանը շեշտեց, թե այս հարցով Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ գիտական հետազոտություն և ուսումնասիրությունը պայմանավորված էր այն  անհարժեշտությամբ, որ ինքը 14 տարի, ըստ էության, ՀՀ-ի փաստաբանն է եղել ՄԻԵԴ-ում և ոլորտում գիտական խորությամբ ուսումնասիրության կարիք է տեսել:

«Այս աշխատության նպատակն այն էր, որ ստեղծենք այնպիսի մի բազա, որը  իրավակիրառների համար ավելի հեշտ կդարձնի հստակ հասկանալ՝ որն է իրենց միջամտության աստիճանը տվյալ իրավունքի իրականացման համար: Սա կարող է դառնալ քննիչների, դատավորների, ոստիկանների, դատախազների սեղանի գիրքը: Ես ամփոփել եմ Եվրոպական դատարանի պրակտիկան, Հայաստանի նկատմամբ կայացած եվրոպական դատական ակտերը, համադրել եմ դրանք, գտել որոշակի օրինաչափություններ, որոնք իրավակիրառը պետք է օգտագործի: Բայց սեղանի գիրք լինելը դեռևս բավարար չէ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գործերը նվազեցնելու համար: Այդ արդյունքին հասնելու համար, այն պետք է կարդալ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը նշեց, որ եթե գործնականում այս նորմերը չեն կիրառվում, իրենք ստիպված են օրենք փոխել, հակառակ դեպքում` կշատանան Եվրոպական դատարանի վճիռները ընդդեմ Հայաստանի:

Խոսելով այն տեսակետների մասին, որ ատենախոսության մեջ անդրադարձ կա միայն երկու իրավունքի, Գ. Կոստանյանն ասաց, որ ինքն անդրադառնալու է այլ իրավունքների ևս, պարզապես տվյալ պարագայում ծավալը թույլ չի տվել անդրադառնալ բոլորին: Միայն այս երկու իրավունքների շուրջ հեղինակն 9 տարի ուսումնասիրություն է կատարել:

«Ես հատկապես ուշադրություն եմ դարձնելու հանրահավաքների իրավունքների ազատության միջամտությանն ու դրանց սահմաններին: Խոսքը հանրահավաքներ, ցույցեր իրականացնելու իրավունքի միջամտության սահմաններին, ցույցերը, հանրահավաքները ցրելու մեթոդներին ու միջոցներին է վերաբերում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հաջորդիվ ես ուշադրություն եմ դարձնելու հանրահավաքների իրավունքների ազատության միջամտությանն ու դրանց սահմաններին». Գևորգ Կոստանյան (տեսանյութ)