Իրաքյան Քրդստանը նույնպես մտահոգված է Աֆրինի գործողության համար
Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին իր մտահոգությունն է հայտնել սիրիական Աֆրինում քուրդ գրոհայինների դեմ թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող ռազմական գործողության առնչությամբ:
Ինչպես գրում է քրդական nerinaazad.info կայքը, Բարզանին նշել է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առկայության մասին լուրերը խիստ անհանստացնում են իրենց:
Քրդստանի նախկին նախագահը նաև շեշտել է, որ Թուրքիան նման կերպ չի կարող լուծել իրեն հուզող հարցերը, քանի որ պատերազմն ավելի կմեծացնի Մերձավոր Արևելքում առկա խնդիրներն ու բռնության ալիքը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:










