Ուսումնասիրություն է տարվում Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի բետոնե ծածկի քայքայման պատճառները ճշտելու համար. ՏԿՏՏ նախարարություն

21:56 • 23.01.18

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի բետոնե ծածկի քայքայման պատճառները ճշտելու համար իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության բաժնից:

«Միանշանակ չէ, թե որոնք են քայքայման պատճառները, հնարավոր պատճառ  կարող է լինել ոչ միայն իրականացված աշխատանքների որակը (որը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի), այլև ճանապարհահատվածի շահագործման ընթացքում մեխանիկական ազդեցությունները, ինչպես նաև կլիմայական պայմանների, մասնավորապես, նախորդ տարվա սովորականից ավելի երկարատև ձմեռային սպասարկման և նորմայից ցածր ջերմաստիճանի հնարավոր ազդեցությունը»,- նշված է պատասխանում:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք  ճանապարհն ընդունելիս արդեն իսկ ճաքերը և քայքայումները եղե՞լ են, նախարարությունից պատասխանել են, որ ճանապարհահատվածը ընդունելիս արձանագրվել են այն թերությունները, որոնք պետք է շտկվեն երաշխիքային սպասարկման ընթացքում: Ըստ նրանց՝ կապալառուին վճարման ենթակա պայմանագրի գնից կատարվել է պահում`պայմանագրի գնի 5%-ի չափով՝ որպես այդ թերությունների շտկման երաշխիք:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում խնդիրները չեզոքացնելու համար, եթե աշխատանքները կատարվում են, ապա գումարը տալիս է պետությո՞ւնը, թե՞ շինաշխատանքները կատարած ընկերությունը, նախարարության համապատասխան բաժնից պատասխանել են. «Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի բետոնե պատվածքի որակի, տեխնիկական մասնագրերից որոշակի շեղման պատճառով կապալառու ընկերությունից պահվել է 5.2 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, որը հաշվարկվել է տեխնիկական մասնագրերից որոշակի շեղման արդյունքում ճանապարհահատվածի որակի հետ կապված հետագա հնարավոր թերությունները շտկելու նպատակով»:

Tert.am-ն արդեն անդրադարձել էր, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հայտարարվել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը դեռևս սպասարկվում է:

Սակայն, ըստ նախարարության պաշտոնական տվյալների, այս ճանապարհի սպասարկումն ավարտվել է 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ին: Այս անհամաձայնության հետ կապված էլ նախարարությունը պարզաբանել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երաշխիքային սպասարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. հունիսը:

«Հյուսի-հարավ ավտոճանապարհի ո՞ր այլ հատվածում է, որ նկատվում են ճանապարհի քայքայումներ» հարցին ի պատասխանել էլ նախարարությունը նշել է. «Ներկայումս շահագործման են հանձնված Երևան–Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածները, և երաշխիքային սպասարկման ընթացքում բոլոր այն թերությունները, որոնք կապված են կապալառուի կողմից իրականացված աշխատանքների որակի հետ, շտկվում են կապալառուի կողմից և կապալառուի հաշվին»:

Հիշեցնենք, որ հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտին քայքայումներ և ճաքեր են հայտնվել: Նշենք նաև, որ այդ ճանապարհը կառուցել է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը:

ՀեղինակԱնի Օհանյան