Ներդրումների խթանման համար ամենակարևոր արգելքը կրթական համակարգն է, ուստի պահանջում ենք նախարարի հրաժարականը. Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության հետ, ըստ որի` այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար և պարզաբանեց, թե ինչու:
«Իսկապես գործարար միջավայրը էականորեն բարեփոխվել է և դրա ամենակարևոր ցուցանիշը հանդիսանում է հարկային ստուգումները, որոնք ներկայումս կատարվում են որքան հնարավոր է ճիշտ սկզբունքների վրա, որոնք իրենց մեջ պարունակում են նվազագույն կոռուպցիոն ռիսկեր»-ասաց նա և նշեց, որ բացի այդ, տարբեր մայր օրենքներ են մտել ուժի մեջ, Հարկային օրենսգիրքը, որպես մայր օրենսգիրք իր մեջ պարունակում է դրական փոփոխություններ և հիմա էլ աշխատանքային օրենսգիրքն է փոփոխվում:
«Ներդրումների համար լավ ժամանակ է` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը խրախուսում է ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելը և, հետևաբար, տեղական արտադրություններ հիմնադրելը ներդրումների համար շատ լավ հարթակ է: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարությունը ուշադրությունը սևեռի դատական համակարգի վրա, և թեև որոշ քայլեր արվում են, բայց դատական համակարգը պետք է ազնիվ ձևով ի վիճակի լինի սպասարկելու վեճերը և պաշտպանելու ներդրողների շահերը»,-ասաց նա և նկատեց, որ սնանկացման համակարգը կոռումպացված է:
Գագիկ Մակարյանը, չնայած դրան նկատեց, որ վստահության որոշակի պակասը շարունակում է խնդիր լինել կառավարության համար: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նա ասաց, որ օրենքում ներդրումների բնորոշման խնդիր կա, քանի որ տարբեր կատեգորիաների գումարներ դիտարկվում են որպես ներդրումներ: Ըստ նրա, եթե տերմինը լավ իմաստով դիտարկենք, ապա վարչապետի խոստացած 800 միլիոնը կարող է ապահովված լինել 2017 թվականին, իսկ իր ռացիոնալ հաշվարկներով անցած տարի ներդրումները կազմել են 650 միլիոն դոլարի չափ:
«Ներդրումների խթանման համար ամենակարևոր արգելքը, որը պետք է կարգավորենք, կրթական համակարգն է, որն այսօր բացարձակապես չի կարողանում սպասարկել տնտեսության ճյուղերի զարգացմանը և չունենք գործատուների պահանջած հմտություններով մասնագետներ` թե՛ մասնագիտական կրթության ոլորտում` քոլեջ, ուսումնարաններ, թե՛ համալսարաններում»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախարարությունը` քոլեջների, ուսումնարանների մակարդակով զարկ է տվել հումանիտար կրթություններին, որոնք պահանջարկված չեն և պետական պատվերի միջոցները փոշիանում են: «Ներդրումներ նշանակում է նաև աշխատատեղերի ստեղծում, իսկ այդ աշխատատեղերում պետք է մասնագետներ աշխատեն: Այսօրվա մասնագետների դեֆիցիտի պայմաններում, եթե օրինակ 5 գործարան բացվի, հնարավոր է հինգ հարյուր մասնագետ չգտնեն և ներդրողը կանգնի փաստի առաջ: Կամ ինչպես ՏՏ ոլորտում մասնագետների դեֆիցիտը հնարավոր է այնքան սրվի, որ արհեստական աշխատավարձեր բարձրացնելով իրարից փախցնեն մասնագետներ, ինչը բիզնեսի ներսում վնասներ կբերի»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը նշեց, որ այսօր մենք կրթական համակարգում լուրջ խնդիր ունենք: «Մենք վերջին 18 ամսվա ընթացքում կրթության վերաբերյալ 13 նամակ ենք գրել վարչապետին, կրթության և գիտության նախարարին, այդ նամակների արձագանքները մեզ չեն գոհացրել և մենք հիմա նոր նամակով դիմել ենք վարչապետին` պահանջելով կրթության նախարարի հրաժարականը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կառավարությունը վերջին նիստում «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին ընդունեց, դա արդյոք չի լուծում Ձեր նշած խնդիրները, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունների փաթեթը էականորեն չի արտացոլում անհրաժեշտությունները:
Նա նշեց, որ այդ փոփոխությունները չեն քննարկվել գործատուների շահերի ներկայացուցիչների հետ, ապագային միտված մտքեր են արտահայտում, բայց չի նշված, թե կոնկրետ մեկ կամ երկու տարի հետո ինչ կունենանք արդյունքում:
«Քոլեջները պետք է դադարեցնեն հումանիտար մասնագիտություններով ուսուցումը շարունակելը, պատվերը չպետք փոշիացնել հումանիտար կրթության համար: Մենք նախարարության հետ հանդիպել, քննարկել ենք և նախարարության տրամադրությունները հասկացել ենք, որ իրենք շատ չեն շտապում, չեն էլ ցանկանում շտապել, քոլեջների տնօրենների, ռեկտորների շահերն են պաշտպանում»,-ասաց նա և նշեց, որ նախարարությունը բոլոր բարեփոխումները կրթական համակարգի կապում է միայն դոնորների հետ:
Հարցին, թե ըստ Ձեզ նախարարին փոխելով խնդիրը լուծվելո՞ւ է, չեք կարծում, որ այդ հարցը ամբողջ կառավարությանն է վերաբերում, ապա Գագիկ Մակարյանն ասաց, որ նախարարը լուրջ դերակատարություն ունի, քանի որ ինքն է մենեջերը և պետք է համակարգի հանդեպ պահանջկոտ լինի, համագործակցի բիզնես շահերը ներկայացուցիչների հետ, տնտեսության զարգացման և ներդրումների նախարարության հետ: «Շատերը ոտքերը ոտքերին գցած նստած են, քանի որ բյուջեից փողը գալիս է և շատ քոլեջի տնօրեններ, ռեկտորներ հետաքրքրված էլ չեն, որ իրենց բիզնես պլանները, մասնագիտությունները վերանայեն»,-ասաց նա: Նա նկատեց, որ շատ երկրներ կրթական համակարգով են տնտեսության մեջ թռիչքներ կատարել:










