Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

15:48 • 23.01.18

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:


Ինչպես տեղեկացնում է РУСАРМИНФО-ն, միության նախագահ Սաիդա Օհանյանն իր ուղերձում նշել է, որ Փայլանը, անտեսելով իր անձին ուղղված վտանգներն ու սպառնալիքները, իր ամբողջ կյանքը նվիրել է հայերի և Թուրքիայի այլ բնիկ ժողովուրդների իրավունքների համար պայքարին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:

Իր ելույթի վերջում Փայլանը նշել էր. «Շա՛տ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»: Փայլանի ելույթի այս հատվածն արձանագրության մեջ նշվել է X տառով: