Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, հկ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը. Արմեն Սարգսյան

20:46 • 29.01.18

ՀՀԿ –ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայացնելու է իր որոշումը:

«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:

Նշենք, որ այս պահին ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի եւ Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Իսկ ավելի վաղ Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր, որտեղ էլ հանդիպում ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

 

Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, հկ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը. Արմեն Սարգսյան