Շարունակելու եմ աջակցել մեր պատմական հայրենիքին, հայկական համայնքներին ՌԴ-ում և ամենուր. Ռուբեն Թաթուլյան (տեսանյութ)

14:39 • 29.01.18

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնում է իր՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը լինելու հայտարարության և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պարզաբանումների միջև առկա հակասություններին, ռուսաստանյան քաղաքական, բիզնես և քրեական շրջանակների հետ իրեն վերագրվող առնչություններին: Նա նաև նշում է, որ անկախ նրանից` ինքն արտգործնախարարի խորհրդականն է, թե ոչ, շարունակելու է աջակցել Հայաստանին, հայկական համայնքներին ՌԴ-ում և ամենուր։ «Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը»,– ասում է Ռուբեն Թաթուլյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ստորև։

- Պարո՛ն Թաթուլյան, երեք շաբաթ առաջ սոչիաբնակ բլոգերներից մեկին տված հարցազրույցում ասացիք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եք, բայց երեք օր անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հերքեց Ձեզ՝ հայտարարելով, որ Դուք պարոն Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը եղել եք, այսինքն՝ այժմ չունեք այդ կարգավիճակը: Կարո՞ղ եք հստակեցնել` ե՞րբ և ի՞նչ պայմաններում եք ստացել այդ պաշտոնը և երբ եք ազատվել այդ պաշտոնից:

- Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը, որպեսզի այդ աղմուկը որևէ կերպ չանդրադառնա Հայաստանի վրա: Բայց, անկախ նրանից` արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ աջակցել մեր պատմական հայրենիքին, աջակցել հայկական համայնքներին Ռուսաստանում, Աբխազիայում և ամենուր:

- Ռուսական ԶԼՄ-ներում Ձեզ կոչում են Սևծովյան առափնյա շրջանի ստվերային կառավարիչ` հիշատակելով նաև Ձեր լուրջ քաղաքական, բիզնես և, մասնավորապես քրեական կապերի մասին: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:


- Բանն այն է, որ դա կատարյալ անհեթեթություն է: Կան պարզապես տարրական ճշմարտություններ. ես ծնվել ու ապրում եմ Սոչիում, որը Ռուսաստանի պես մեծ երկրի կուրորտային մայրաքաղաքներից մեկն է: Արդեն 18 տարի է՝ այստեղ ունեմ ամենամեծ առողջարաններից մեկը։Պատկերացրեք` որքան մարդ է ինձ հյուր գալիս, որքան մարդու հետ կարող եմ ես ծանոթ լինել: Ես ծանոթ եմ հարյուրավոր, հազարավոր մարդկանց հետ՝ արվեստագետների, քաղաքական գործիչների, դերասանների, ճարտարապետների հետ. տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Եթե ես մեկի հետ ընկերություն եմ անում, հպարտանում եմ դրանով։ Կան հայտնի երգիչներ, որոնց հետ ընկերություն եմ անում, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ երգել, եթե ընկերություն եմ անում հայտնի արվեստագետների հետ, դա չի նշանակում, որ կարող եմ նկարել: Այսինքն` եթե ես մեկի հետ ընկերություն եմ անում, ես հպարտանում եմ դրանով, և չեմ հասկանում առհասարակ, թե ինչու է ինչ-որ մեկը ցանկանում հատկապես այդ իրավիճակն այդքան տգեղ ձևով հասցնել համատիեզերական ջրհեղեղի մասշտաբների:

- Դուք զբաղվում եք բարեգործությամբ, եկեղեցիներ եք կառուցում, Ձեր հովանու ներքո Ադլերում գործում է Սուրբ Սարգիս եկեղեցին, դրան կից գործում է կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են հայ երեխաներ, որտեղ նրանց սովորեցնում են հայերեն գրել և կարդալ: Այսինքն` այլ կերպ ասած, Դուք փորձում եք բոլոր միջոցներով օժանդակել հայկական ինքնությանը: Գուցե դա՞ է Ձեր դեմ իրականացվող մեդիա արշավի պատճառը:

- Ինձ նայելիս անգամ ակնառու է, որ ես հայկական ինքնություն ունեմ։ Այդ իսկ պատճառով ինձ համար սկզբունքորեն նման հարց գոյություն չունի, որովհետև ի սկզբանե գիտեմ իմ արմատների մասին, և իմ պարտականությունն է օգնել ազգին, որին պատկանում եմ: Եվ եթե հնարավորություն լինի օգնել եկեղեցուն, կօգնեմ և օգնում եմ. եթե հնարավորություն լինի դպրոց կառուցել, կկառուցեմ: Իհարկե, մենք շատ չկամեցողներ ունենք, և առավել ևս գաղտնիք չէ, որ այդ տարածաշրջանում` հարևան Աբխազիայի Հանրապետության հետ միասին, բնակվում է մոտ մեկ միլիոն հայ: Իհարկե, այն, ինչ նշեցիք, միգուցե ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Այնպես որ, կշարունակենք անել մեր աշխատանքը, կշարունակենք զարգանալ, օգնել ու անել այն, ինչը մեզ մոտ լավ է ստացվում:
 
- Ձեզ պատկանող «Վեսնա» հյուրանոցի տարածքում տեղակայված է Ալեքսանդր Կարելինի անվան սպորտային համալիրը, որը կառուցվել է Սոչիում Ձեր նախաձեռնությամբ և Ձեր միջոցներով և որը լավագույններից մեկն է Եվրոպայում: Բացի դրանից` Դուք Սոչիի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն եք։ Կցանկանայի` որպես ֆեդերացիայի նախագահ` թվերով ներկայացնեք Ձեր հաջողությունները, ինչպես նաև խոսեք Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում Ձեր հաջողակ մարզիկների թվի մասին։

- Ժամանակին, երբ բոլորը կառուցում էին այն, ինչ շահութաբեր է, ես ու իմ թիմը ընտրեցինք այս ճանապարհը` զուտ այն պատճառով, որ կար նման գաղափար: Եվ շատ հաճելի է, որ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կարելինը տվեց իր համաձայնությունը. նա ինձ ասաց, նույնիսկ կատակեց, որ, երևի, իսկապես խելառ եմ, քիչ էր հավատում այս գաղափարին … Սակայն մենք կառուցեցինք այս համալիրը: Այսօրվա դրությամբ արդեն ավելի քան 1200 տղա է մարզվում այստեղ: Առավել տաղանդավորները մշտապես հավաքականի հետ ներկա են լինում մարզումներին՝ հասուն, փորձառու մարզիկների հետ, և փորձ են ձեռք բերում: Եվ այժմ ասածս վերաբերում է ոչ միայն Սոչիի տարածաշրջանի տղաներին, այլև ընդգրկում է ողջ Կրասնոդարի երկրամասը։ Առավել տաղանդավորները մշտապես մեզ զանգահարում են տարբեր խնդրանքներով. կացարան և սնունդ ենք տրամադրում։ Նրանք մարզվում են հավաքականի հետ, և այսօր կարող ենք հպարտանալ նրանով, որ այս 1200-1300 տղաներին կտրել ենք փողոցից: Նրանք զբաղվում են այս մարզաձևով, զարգանում են։ Եվ այժմ մենք, իհարկե, ձեռքբերումներ ունենք. ունենք երկրամասի, Ռուսաստանի մասշտաբով չեմպիոններ, և շատ հաճելի և ուրախալի էր, որ մեր տղաներից մեկն իր տարիքային խմբում վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն:

- Ինձ նաև հայտնի է, որ հայ մարզիկներին Ձեր համալիրում լուրջ արտոնություններ են տրամադրվում, ինչը մեր երիտասարդների փայլուն արդյունքների գրավականներից մեկն է: Խնդրում եմ` առավել մանրամասն խոսեք այս մասին:

- Ի՞նչ է նշանակում արտոնություն: Մենք ընդհանրապես ոչ մի գումար չենք վերցնում. մեզ մոտ ամեն ինչ անվճար է: Մենք ի սկզբանե միայն ու միայն այս քաղաքականությամբ ենք առաջնորդվել` գումարած այն, որ բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների հետ ունենք պայմանավորվածություններ. նրանք մեզ ընդառաջել են, որպեսզի Հայաստանի  հավաքականի այն հայ մարզիկները, որոնք մեզ մոտ են գալիս, հնարավորություն ունենան մասնակցելու մարզումներին: Գաղտնիք չէ, որ թե՛ դասական և թե՛ ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը տասնյակ տարիներ համար մեկն է աշխարհում: Սա մարզական այլ գործընթաց է, սա հսկայական փորձ է։ Ահա թե ինչու ունենք պայմանավորվածություն, որ հայ մարզիկները մասնակից լինեն մարզական գործընթացին և փորձ ձեռք բերեն: Փառք Աստծո, ունենք արդյունքներ, աշխարհի չեմպիոններ ունենք: Ունենք օլիմպիական չեմպիոն և փոխչեմպիոններ: Ես նաև Միհրան Հարությունյանի անձնական մարզիչն եմ։ Եվ խոսքն այստեղ միայն մենապայքարի մարզաձևերի մասին չէ, սա վերաբերում է նաև ֆուտբոլին, ցանկացած այլ մարզաձևի: Նրանք տաղանդավոր տղաներ են և իսկապես, ստանալով Հայաստանի համար ելույթ ունենալու հնարավորություն, օգուտ են բերում իրենց թիմին, իրենց երկրին՝ լինի դա ֆուտբոլում, թե մենապայքարի մարզաձևերում: Այդ իսկ պատճառով մենք շարունակելու ենք դրանով զբաղվել:

- Խնդրում եմ` պատմեք այն նախաձեռնությունների մասին, որոնք իրականացվում են Հայաստանում Ձեր աջակցությամբ կամ միջնորդությամբ:

- Նախաձեռնություններ եղել են, միանշանակ կլինեն, սակայն կարվեն հանգիստ, գեղեցիկ և առանց հայտարարությունների: Կա այսպիսի մի պարզ բան։ Մենք մեր ամբողջ կյանքում օգնել ենք մեր պատմական հայրենիքին ինչով կարողացել ենք։ Մենք պատրաստվում ենք շարունակել մեր գործունեությունը և որքան զարգանանք, այնքան ավելի շատ կօգնենք: