Դինամիկ պրոցես է, քաղաքացիները կարող են գնաճի դեմ իրենց պահանջը կտրուկ փոխել, և դարձնել շատ ընդգծված քաղաքական պահանջ. Արարատ Միրզոյան

22:30 • 30.01.18

Միանշանակ այս պահին Կառավարությունը բնավ մտադիր չէ գնալ զիջման թանկացումները մեղմացնելու նպատակով. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Կառավարությունն իր բարի կամքով երբեք էլ մտադիր չի լինի գնալ զիջման, կառավարությունը կարող է զիջել միայն լուրջ հասարակական ճնշման պարագայում»,-ասաց նա և հավելեց, թե փետրվարի 5-ին իրենք մարդկանց առաջարկում են գնալ ճնշումների, բայց որոշողն, իհարկե, կլինեն մարդիկ:   

Պատգամավորը նշեց, որ հրավիրված հավաք-երթից սպասելիքներն ավելին են, քան առաջին   ակցիայից: «Ուզում եմ ասել, որ առաջն երթից բավարարված ենք,  որովհետև և՛ անձրև էր գալիս, և՛ աշխատանքային ժամ էր, բայց էներգետիկա կար, այժմ հանրահավաք ենք անում և կրկնապատկել ենք քարոզչական ջանքերը, մարդիկ ավելի իրազեկ են, և թանկացումներն զգում են իրենց մաշկի վրա, այնպես որ, կարծում եմ ավելի շատ մարդ կլինի, քան առաջինի դեպքում էր»,-ասաց նա՝ համաձայն չլինելով դիտարկման հետ, թե գնաճի նկատմամբ մարդկանց դժգոհության ալիքն անցել է և ուստի հետաքրքրությունն էլ պակասել է «Ելքի» հրավիրած առաջիկա հանրահավաքի նկատմամբ:

«Քաղաքացիները շատ սուր ձևով զգում են թանկացումները, և իսկապես դժգոհ են, բայց պետք է ճշմարտությանն ուղիղ աչքերով նայել՝ բազմաթիվ տարիների և տարբեր ուժերի աջակցությամբ և ղեկավարմամբ եղած  փողոցային պայքարները մեծ հաշվով մարդկանց հանգեցրել են որոշակի մտայնության, թե փողոցային պայքարով հարց չի լուծվում, սա կա, և մենք հիմա դրա հետևանքները զգում ենք: Բայց ես լավատես եմ, որովհետև մենք խոսում ենք այնպիսի իռացիոնալ խնդրի  մասին, ինչպիսին մարդկանց ոտքի վրա կանգնելն է, հնարավոր է մի պատճառով չկանգնի և մի պահ համբերության բաժակը լցվի և ոտքի կանգնի»,-ասաց նա: 

Միրզոյանը շեշտեց, թե ԱԺ-ի կողմից հրավիրված լսումներն իր գնահատմամբ իմիտացիոն պրոցես էր և դրանով չի կարելի համարել, որ հասարակությունը համոզիչ պատասխաններ  ստացավ:

«Ես նույնիսկ կես կատակ ասում էի «ասումներ» էր, որովհետև իշխանության ներկայացուցիչները և, մասնավորապես գործադիրի ներկայացուցիչները և իշխանամերձ որոշ ակադեմիական շրջանակների մարդիկ վեր կացան և հերթով կանգնեցին, ասացին, որ ամեն ինչ նորմալ է , կա 2,6 տոկոս գնաճ, ոչ մի լուրջ բան չկա, բանը հասավ նման, որ մեզ սկսեցին համոզել, որ  վառելիքի թանկացումը կհանգեցնի տրանսպորտի էժանացմանը, կամ նոր  հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության համար, մի խոսքով այդ լսումների ընթացքում իշխանություններն անգամ հրաժարվեին արձանագրել, որ խնդիր կա, և էլ չասած մտածեն, թե ինչպես  կարելի է  մեղմել, մինչդեռ այդ լսումների խորագիրը հենց այդպես էր, թանկացումների պատճառները և մեղմացումների հնարավորությունները: Շատ տարակուսելի էր իրենց պահվածքն  ու մոտեցումը լսումների»,-ասաց նա:

Իսկ թե համաձա՞յն է, որ հասարակությունն ավելի շատ ոտքի է կանգնում, երբ խնդրահարույց թեման քաղաքական է, և ոչ թե սոցիալական, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Նախ ուզում եմ ասել, որ սոցիալականը նաև քաղաքական է, չկա մի ոլորտ,  օրինակ` գործադիրի իրականացրած քայլերից, որը հանգեցրել է քաղաքացիների դժգոհությանը և քաղաքական չէ: Ամեն ինչը քաղաքական է, բայց կարծում եմ մեր հասարակության մոտ տերմինի թերըմբռնման խնդիր կա: Եվ հետո համաձայն չեմ, որ  սոցիալական խնդիրները մարդկանց ավելի քիչ է հետաքրքրում և քիչ մարդկանց է փողոց դուրս հանում: Կարող ենք հիշել «Դեմ եմ», «Էլեկտրիկ  Երևան», «Տարկետում» և այլն, այդ  ամեն ինչը նաև սոցիալական հարցեր էին»,-ասաց նա: Իսկ թե հնարավոր է առաջիկայում հարցը այդուհանդերձ զուտ սոցիալական խնդրից վերածվի նաև քաղաքական խնդրի, Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե կախված է քաղաքացիներից: «Եթե  բազմահազար մարդիկ դուրս են գալիս և ասում են` մենք պահանջում ենք Հարկային օրենսգիրքը հետ վերադառնա դեկտեմբերյան վիճակին, կառավարությունը ստիպված է հետ կանգնել և ենթարկվել քաղաքացիների ճնշմանը: Բայց եթե կառավարությունը չի գնում,  քաղաքացիները կարող են իրենց պահանջը կտրուկ փոխել, և դարձնել այն շատ ընդգծված քաղաքական պահանջ,  սա դինամիկ պրոցես է»,-ասաց նա:

Իսկ թե ինչ սպասել հավաք-երթից, կլինե՞ն արդյոք անակնկալներ, նշեց, թե այս պահին միայն կարող է ասել,  որ կլինի  հանրահավաք, ելույթներ, նաև երթ: