Բանանցը ֆուտբոլային մրցաշար կանցկացնի դպրոցականների միջև (լուսանկարներ)
«Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հերթական սոցիալական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականների միջև տարածել սերը սպորտով և ֆուտբոլով զբաղվելու նկատմամբ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Բանանցի» ներկայացուցիչները ակադեմիայի տնօրեն Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուների ու դպրոցների ներկայացուցիչների հետ և քննարկել են մրցաշարի անցկացման մանրամասները:
«Սա քո հնարավորությունն է» խորագրով անցկացվելիք ֆուտբոլային մրցաշարի առաջին փուլին, որը կմեկնարկի փետրվարի 25-ին, կմասնակցեն վարչական շրջանի դպրոցների 2005 և 2006 թվականին ծնված երեխաներից կազմված թիմերը:
«Մրցաշարի ընթացքում երեխաները հնարավորություն կունենան դառնալ ֆուտբոլային տոնի մասնակիցը, նվաճել մրցականակներ, գավաթներ և պատվոգրեր, մրցել ֆուտբոլով զբաղվող իրենց հասկակիցների հետ, ներսից ծանոթանալ «Բանանց» ֆուտբոլային ակումբին, իսկ լավագույն երեխաները կարող են ընդգրկվել «Բանանցի» ակադեմիայի թիմերում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ղեկավարությունն իր հավանությունն ու կազմակերպչական աջակցությունն է հայտնել մրցաշարի անցկացմանը:













