Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, ընդմիշտ եմ վերադարձել. Արմեն Սարգսյան
ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, որը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է, ժամանեց Գիտությունների ազգային ակադեմիա՝ գիտնականների հետ քննարկում ծավալելու նպատակով:
«Շատ լարված աշխատանքային հանդիպումներ և օրեր են»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արմեն Սարգսյանը և հանդիպումներից այլ մանրամասներ չներկայացրեց:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքն արդեն կողմնորոշվե՞լ է, ընդունելո՞ւ է ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, Սարգսյանը պատասխանեց.«Կողմնորոշվեմ, անձամբ Ձեզ կասեմ: Թույլ տվեք ինձ շարունակել իմ հանդիպումերը, երբ ավարտեմ, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որը կիմանաք դրա մասին»:
Հարցին՝ մշտապե՞ս եք վերադարձել, թե՞ կրկին հեռանալու եք, ինչպես արեցիք ՀՀ վարչապետ եղած ժամանակ, Արմեն Սարգսյանը նախ պատասխանեց, որ ընդմիշտ վերադարձել է և հետո հավելեց.«Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար, պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ»:
Արմեն Սարգսյան, արձագանքելով դիտարկմանը, որ նրա կինը հայտարարել է, թե որդիներն իրենց բրիտանացի են զգում, հորդորեց անգլերեն տարբերակով կարդալ «Daily Mail»-ին տրված հարցազրույցը.«Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ-ի քաղաքացիներ են: Հավասարապես լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես, միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերեն տարբերակով կարդացեք Daily Mail-ին տրված հարցազրույցը և կտեսնեք, որ անգլերենով այդ կերպ չի հնչում: Իմ կինն ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են»:
Նա նաև պնդեց, որ ինքը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապ չունի։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող ՀՀԿ կուսակցության նախագահն է, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուն: Ի պատասխան Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ որոշում կկայացնի տարբեր խմբերի ու կուսակցությունների հետ հանդիպումներից հետո: Նշենք նաև, որ Արմեն Սարգսյան արդեն իսկ հանդիպել է ՀՀԿ-ի և նրանց կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:










