Կարմիր գյուղում բացվեց մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած արցախյան պատերազմի հերոս Սերգեյ Ավետիսյանին նվիրված հուշաքար (տեսանյութ)

15:49 • 30.01.18

Կարմիրգյուղի 1-ին դպրոց բակում բացվել է 1992թ.-ին մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած արցախյան պատերազմի հերոս Սերգեյ Ավետիսյանին նվիրված հուշաքարը: Հանդիսավոր բացմանը ներկա էին ոչ միայն դպրոցի աշակերտները, այլև Ավետիսյանի հարազատներն ու մարտական ընկերները: Հուշաքարը բացեցին ազատամարտիկի 2 որդիները՝ իրենց երեխաների հետ միասին:

Սերգեյ Ավետիսյանի կրտսեր որդին՝ Հակոբ Ավետիսյանը, պատմեց՝ հորից հիշողությունները քիչ չեն, նրա մասին պատմությունները շատ ու մեկը մյուսից տպավորիչ են իր համար: Նա հիշեց, որ երբ հայրը կռիվ էր գնում, ինքը չէր հասկանում հոր` օրերով տանը չլինելը: 

«Կամաց-կամաց պատկերացնում էի արդեն, թե ուր է գնացել ինքը: Սկզբում մտածում էի միայն մեր ընտանիքի համար է գնում, հետո հասկացա, որ բոլոր հայերի ու բոլոր հայ երեխաների համար է գնում»,- նշեց Հակոբ Ավետիսյանը:

Արցախյան հերոսամարտի մասնակցի մարտական ընկերներն էլ գտնում են, որ Սերգեյ Ավետիսյանի մեջ ամփոփվում է հայ ֆիդայու կերպարը:

«Մեր Սերգոն սկսեց զինամթերք և համազգեստ կրել: Մի օր ասաց, տղերք հերիք չի՞ ես սենց գործով զբաղվեմ, ես գալիս եմ ձեր հետ: Ֆիդայու կերպարը նրա մեջ էր»,- ընդգծեց «Երկրապահ երդվյալ ազատամարտիկների ջոկատի անդամ» Մարտուն Ղևոնդյանը:

Սերգեյ Ավետիսյանի որդիները՝ Արմեն և Հակոբ Ավետիսյաններն էլ պարգևատրվեցին «Երկրապահ հոբելյանական» մեդալներով, և «Վարդան Մամիկոնյան» շքանշանով:


Մանրամասները՝ տեսանյութում: