Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

18:27 • 30.01.18

Մայիսի վերջին Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Լեո Վարադկարին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանրաքվեի ընթացքում կաթոլիկ Իռլանդիայի քաղաքացիները պետք է որոշեն՝ արդյոք պետք է պահպանել սահմանադրական փոփոխությունը, որի համաձայն` չծնված երեխայի կյանքը հավասարեցվում է նրա մոր կյանքին:

Հայտնի է, որ սահմանադրության ութերորդ փոփոխությունն ընդունվել է 1983 թվականին՝ նույնպես հանրաքվեի արդյունքում:

Գործող օրենքն արգելում է ընդհատել հղիությունը նույնիսկ բռնաբարության, արյունապղծության կամ պտղի անոմալիաների դեպքում:

Վարադկարի խոսքով՝ եթե բնակչությունը հրաժարվի այս փոփոխությունից, հղիության արհեստական ընդհատումն ընդունելու համար պատասխանատվությունը կանցնի իռլանդական խորհրդարանին: