Պետական ապարատի ծախսերը չկրճատելու կամ դրանց արդյունավետությունը չբարձրացնելու դեպքում ստիպված ենք լինելու մեծացնել արտաքին պարտքը. Կ. Խաչատրյան

21:07 • 30.01.18

Եթե հաշվի առնենք արտաքին պարտքի բեռը, տնտեսությունում առկա իրողությունները, պետական բյուջեի հավաքագրման դժվարությունները, անշուշտ, պետական բյուջեի ծախսերը պետք է խիստ արդյունավետ լինեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ եղած սուղ միջոցների պարագայում կառավարությունը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Ավելին, տնտեսագետի կարծիքով՝ ծախսերի արդյունավետության բարձրացումը կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի:

«Առանց այն էլ տնտեսվարող սուբյեկտներից հարկային հավաքագրումների հետ կապված որոշակի դժվարություններ կան, մենք չենք կարող ակնկալել, որ առաջիկա տարիներին պետական բյուջեի մուտքերն էապես մեծանալու են: Մյուս կողմից էլ ծախսերը չկրճատելու կամ դրանց արդյունավետությունը չբարձրացնելու դեպքում ստիպված ենք լինելու մեծացնել մեր արտաքին պարտքը»,- նկատեց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը համոզված է, որ կառավարությունը կարող է և կրճատումներ անել, և դրան զուգահեռ կառավարման արդյունավետությունը բարձրացնել: Դրա համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել՝ հստակ նախանշել խնդիրներն ու ոլորտային գերակայությունները, ինչպես նաև ստորաբաժանումների գործառույթների ընդհանուր մեծ «գույքագրում» անել:

«Դա ահռելի մեծ աշխատանք է ենթադրում, բայց եթե առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք չգնանք դրան, ապա ստիպված ենք լինելու անընդհատ նույն փակ շղթայով պտտվել:  Այսինքն, կառավարությունը պետք է հստակ հասկանա՝ ինքը ի՞նչ միավորներ ունի, դրանցից յուրաքանչյուրը կրկնո՞ւմ են արդյոք մեկը մյուսի գործառույթները կամ անհրաժե՞շտ է տվյալ ստորաբաժանումում ենթադրենք 50 աշխատող, ոչ թե 20 և այլն: Մինչև դա չհասկանա, ցանկացած քայլ ընդամենը ծրագիր է լինելու, ուղղակի ինչ-որ բան փոխելու, բայց դա կբերի արդյունավետության, թե չէ, դժվար է ասել»,- ընդգծեց տնտեսագետը:

Արդարադատության նախարարությունն օրերս ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարությունների թիվը չի փոխվելու, գործող 18 նախարարությունները պահպանվելու են:

Կառլեն Խաչատրյանը տրամաբանական է համարում փոխվարչապետերի ավելացումը և նույն թվով նախարարությունների առկայությունը նոր կառավարությունում, քանի որ նոր սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելու դեպքում կառավարման գործադիր իշխանության ամբողջ բեռն ընկնելու է կառավարության ուսերին: Ներկայիս կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է մասամբ կառավարության, մասամբ նախագահը:

«Այս իմաստով, բնականաբար, կառավարման արդյունավետությունից ելնելով տրամաբանական է, որ փոխվարչապետերի քանակը պետք է շատանար: Ես ենթադրում եմ, որ փոխվարչապետերը որոշակի բլոկներով են իրենց լիազորությունները տարանջատվելու՝ տնտեսական կամ ենթակառուցվածքների բլոկ, ուժային բլոկ և այլն»,- նշեց տնտեսագետը:

Հարցին, թե փոխվարչապետերի ավելացման պարագայում նախարարների և փոխվարչապետերի ֆունկցիաների կրկնություններ չեն լինի, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց. «Քանի դեռ հստակ չգիտեմ կոնկրետ փոխվարչապետերից յուրաքանչյուրը ինչ գործառույթներ է ունենալու և ինչ ոլորտներ է համակարգելու, նման պնդում անել չեմ կարող: Բայց հույս ունեմ, որ հաշվի առնելով այն սուր, ծանր իրավիճակը, որ այսօր տնտեսությունում կա, պետական բյուջեի վրա ընկած մեծ բեռը, կառավարությունը խելամիտ կգտնվի և այդ կրկնություններից հնարավորինս զերծ կմնա: Եթե կրկնություն լինի, բնականաբար, դա անարդյունավետ է»: