Ռեժիսոր Մարիա Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Նկարիչների միությունում
37 տարեկանում կյանքից հեռացած կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանի հրաժեշտի քաղաքացիական արարողութունը տեղի կունենա Նկարիչների միությունում՝ փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն փոխնախագահ Միքայել Դովլաթյանը: Իսկ հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ին, Քանաքեռի ռուս ուղղափառ եկեղեցում:
Դովլաթյանը դժվարանում էր խոսել Մարիա Սահակյանի մասին՝ նշելով, որ իր համար շատ բարդ է, կորուստն էլ շատ ծանր է. «Նա շատ պայծառ մարդ էր, մարդ՝ հետո կինոռեժիսոր, ինքը մարդ էր: Շատ ծանր կորուստ է, շատ պայծառ ու իր գործերի մեջ պինդ մարդ հեռացավ կյանքից, նա նկարում էր մի ուրիշ կինո, որը նման չէ ուրիշների կինոյին»:
Մարիա Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ Սանահինում:
Ի դեպ` ռեժիսորի հոգեհանգիստը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում չի կայանա, քանի որ դահլիճը վերանորոգվում է:
Նշենք, որ Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1996 թվականին Սահակյանն ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ:
2003 թվականին ավարտում է ուսումը՝ «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան»փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ:
Մարիս Սահակյանի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը»-ն էր, որը ներկայացվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին: Ռեժիսորի «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակի:










