Ներկայացրեցինք գիտության ոլորտի խնդիրները, արտագաղթին, տնտեսության զարգացմանն անդրադարձանք. Ռ. Մարտիրոսյանը` Ա.Սարգսյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

19:24 • 30.01.18

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորմալ գնահատեց  ՀՀԿ-ի կողմից  Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ քիչ առաջ ունեցած հանդիպումը: Նա նշեց, որ ներկայացրել են գիտության ոլորտի խնդիրները: «Մեզ, բացի նյութականից, անհրաժեշտ է նաև վերաբերմունք, դա պակասում է, որովհետև եթե նախկինում երիտասարդը, որը գիտության մեջ  ճանապարհ պետք է ընտրեր, գիտեր, որ եթե դառնար նորմալ գիտնական, դա հեռանկար է, անկախություն է ապահովում, իսկ հիմա այդպիսի համոզմունք, կարծում ենք, երիտասարդների մոտ չկա կամ քիչ է»,- ասաց նա և նշեց, որ գիտության մեջ աշխատել ցանկացողները քիչ են:

Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ արտագաղթին, տնտեսության զարգացմանն անդրադարձ ևս եղավ: «Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այն մոդելը, որ մենք ԵԱՏՄ և ԵՄ միջև միաժամանակ պայմանագրեր կնքեցինք, ինչը հնարավորություն է տալիս լայնացնելու շուկան, տեխնոլոգիաների ճանապարհը: Այդ բոլոր հարցերի վերաբերյալ եղան հարցադրումներ, նա էլ պատասխանեց»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի համաձայնությանը` չորրորդ նախագահի պաշտոնում լինելու վերաբերյալ, ԳԱԱ նախագահն ասաց.

«Ես կարծում եմ, որ լուրջ բան չկա, որ նա չդառնա: Ամեն մարդու մեջ մենք պետք է տեսնենք մեծ հույս, նա իր պահվածքով գործունեությամբ պետք է նպաստի երկրի զարգացմանը»,-ասաց նա և նշեց, որ այդ համոզմամբ էլ Արմեն Սարգսյանի հետ հույսեր կապում է, քանի որ ուսանող տարիքից իրեն դրսևորել է, սովորել է գերազանց, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր է, բիզնեսում հաջողություններ ունեցող մարդ է: «Այս բոլորն ասում է, որ նա կարողանում է կյանքում ստեղծված ամեն իրավիճակում այնպիսի որոշումներ ընդունել, որ կնպաստեն զարգացմանը»,-ասաց նա:

Հարցին՝ ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվի, նա պատասխանեց. «Հիմա շատ բան եմ ուզում ես, ուզում եմ, որ Գիտությունների ակադեմիան մեր ամբողջ բյուջեի չափով միջոցներ ունենար, գիտություն զարգացներ»:

Մանրամասները տեսանյութում.