Սա դեղին քարտ է ՀՀ-ին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ Սամվել Կարապետյանին ԱՄՆ-ի կողմից  «կրեմլյան ցուցակում» ներառելու մասին (տեսանյութ)

21:25 • 30.01.18

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝  ռուսաստանաբնակ, այդ թվում՝ հայազգի  գործարարներին  ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից «կրեմլյան ցուցակում» ներառելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը «ուզումպացված է՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից՝ Պուտինի գլխավորությամբ», իսկ տարբեր տնտեսվարող սուբյեկտներ մասնակցություն են ունենում այդ հանցավոր գործունեությանը։

«Այդ պատժամիջոցները հայտարարվել են, որպեսզի այդ տնտեսվարող սուբյեկտները խզեն իրենց կապերը այդ կազմակերպված հանցավոր խմբավորման հետ: Կա՞ դրա հնարավորությունը․ կարծում եմ՝ կա: Դրա համար Հայաստանը պետք է պայմաններ  ստեղծի, որպեսզի այն հայերը, որոնք ունեն բիզնեսներ Ռուսաստանում, փորձեն գոնե մասամբ դրանք փրկել Հայաստանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Bloomberg-ը հայտնել էր, որ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած«Կրեմլյան զեկույց»-ում: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝  ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները անձերի դեմ չեն, այլ ՌԴ-ի վարած քաղաքականությանն են դեմ: «Այդ ամենը գործողությունների դեմ է, քաղաքականության դեմ է, և անձինք այստեղ ներգրավված են այնքանով, որքանով առնչություն ունենք այդ քաղաքականության և գործողությունների հետ: Ինչպես ասում են՝ անձնական ոչինչ չկա»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ պետք է փաստենք, որ Սամվել Կարապետյանը, դեռ 1990-ականներից, որպես տաղանդավոր բիզնեսմեն, իր գործը սկսել է մի երկրում, որը գնաց հանցավոր ճանապարհով: Սամվել Կարապետյանը, ըստ նրա, հիմա գտնվում է ծանր դիլեմայի առաջ:

«Ամենահոռետեսական սցենարը կլինի այն, որ Սամվել Կարապետյանի ակտիվները կարող են սառեցվել: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում Ռուսաստանում բիզնես ունենալ․ դա նշանակում է, որ այս պահին բիզնեսմեն են, կես ժամ հետո կարող ես դառնալ բիզնեսները կորցրած կալանավոր: Դա նշանակում է, որ օր առաջ պետք է որոշում կայացնել, այդ ակտիվները փրկել: Ես որևէ բացասական բան չունեմ Սամվել Կարապետյանի նկատմամբ, դեռ հակառակը: Սխալ դիրքավորման, սխալ որոշումների հետևանքով այս խնդիրները ծառացան բիզնեսմենների առաջ, որոնք պարզապես բիզնեսմեններ են»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը վստահորեն նշեց, որ Միացյալ Նահանգները տեղյակ են վերը նշված գործարարների ծագումնաբանությունից: «Ես կարծում եմ՝ սա դեղին քարտ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Հայաստանում կոռուպցիոն համակարգը Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի դուստր ձեռնարկությունն է: Բացի դրանից՝ Հայաստանում կոռուպցիան սնուցվում է Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ հենց Հայաստանի ներսում է սնուցվում այն կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից, որոնք կոչվում են ռուսական ընկերություններ»,- նշեց նա:

Իրավիճակից դուրս գալու համար, Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, հիմա Սամվել Կարապետյանը ծրագրեր մշակում է: «Հայաստանի Հանրապետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի Սամվել Կարապետյանը միանգամայն լեգալ, պարզ և թափանցիկ ձևով, միջազգային հանրության կողմից հարց չհարուցող ձևով չշարունակի մնալ Պուտինի պատանդը: Այո, դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում: Եվ խոսքը միայն Սամվել Կարապետյանի մասին չէ: Բազմաթիվ այլ միջին բիզնեսի ներկայացուցիչներ կան Ռուսաստանում՝ բավականին լուրջ հաջողությունների  հասած, նրանք այլևս այնտեղ անելիք չունեն:  Հայաստանի Հանրապետությունը պետք է մտածի նրանց բոլորին Հայաստան վերադարձնելու մասին, հնարավորինս իրենց ակտիվներով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։