Մշակույթի նախարարությունը գրաքննության փորձեր է անում՝ արգելքներ հարուցելով հարցերում, որոնք կարող են նյարդայնացնել ՌԴ-ին. ազգագրագետ

16:14 • 30.01.18

Ազգագրագետ Գայանե Շադոյանը Tert.am-ի հետ զրույցում  անդրադարձավ Գարեգին Նժդեհի հուշարձանի վերաբերյալ ՌԴ-ում վերաթարմացված  գնահատականներին ու քաղաքագետ Մարկովի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ասելով  Ռուսաստանը գոնե մարդկության դեմ հանցագործություններ կատարող պատմական անձերի և դեմքերի հարցում ամենահեղինակավոր և օրինակելի երկիրը չէ, որի  կարծիքը այս պահին կարելի է հաշվի առնել: Խոսելով գրաքննություն հաստատելու փորձերի մասին` բանախոսն  ասաց, որ թեպետ  ՌԴ–ն անթաքույց հայտարարում է, որ ավտորիտար պետություն է, իսկ Հայաստանն էլ,  հակառակը,  որ գնում է դեպի եվրոպական արժեքներ, սակայն  հարցերում, որոնք առնչվում են Ռուսաստանի  հետաքրքրություններին,  փորձում է  հնարավորինս զգուշավոր վարք դրսևորել:  «Մշակույթի նախարարությունը իրեն պահում է դեռևս միակ բացահայտ  գրաքննության փորձեր մտցնող գերատեսչություն, որը այն հարցերում արգելքներ է դնում,  որոնք կարող էին Ռուսաստանին նյարդայնացնել»,-ասաց Գայանե Շադոյանը:

-Ռուսաստանում քաղաքագետ Սերգեյ Մարկովը ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի դեմ ստորագրահավաքի շրջանակում  ստորագրահավաք է սկսել նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի դեմ՝ նշելով, թե կա արձանի ապամոնտաժման  հատուկ պահանջ։  Ձեր կարծիքով՝  ինչու Ռուսաստանի Դաշնությունն  այս թեման մշտապես տաք է պահում: Հիշո՞ւմ ենք, որ մեկ անգամ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսեց, թեև հետո  ներողություն խնդրեց, մյուս կողմից էլ ՀՀ իշխող քաղաքական ուժն  արձագանքեց, մասնավորապես  Շարմազանովը նկատեց, որ Նժդեհի արձանի բացումը իր կյանքի պատմական օրերից մեկն է եղել։ Հետևաբար` այս թեման, կարծես թե, սպառվել էր:

- Քաղաքագետ չեմ և Ռուսաստանի Դումայի վարքը մեկնաբանելու հնարավորություն չունեմ, որովհետև պետք է իրենց գործունեությանը հետևել և փորձել  հասկանալ, թե ինչ տրամաբանություն կա այդտեղ, ինչու ինչ-որ պահերին այդ թեմաները բարձրացվում են: Գուցե ցանկանում են ուշադրությունը շեղել ավելի կարևոր թեմաներից, միգուցե քաղաքական դիվիդենտներ են փորձում հավաքել կամ գուցե այլ երկրի, օրինակ, Ադրբեջանի շահերից ելնելով փորձում են Ռուսաստանի և Հայաստանի միջև հերթական խնդիր բարձրացնելով՝  հնարավորինս ազդել այդ հարաբերություների վրա: Այս պարագայում ամենն  ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, որովհետև Ռուսաստանը գոնե մարդկության դեմ հանցագործություններ կատարող պատմական անձերի և դեմքերի հարցում ամենահեղինակավոր և օրինակելի երկիրը չէ, որի կարծիքը այս պահին կարելի է հաշվի առնել:

-Իսկ այս դեպքում մենք, որպես հասարակություն, ի՞նչ պետք է անենք, պե՞տք է սպասենք, որ Հայաստանից հերթական անգամ որևէ պաշտոնյա ևս մեկ անգամ Կրեմլին մոտ  շրջանակներին ուղերձ հղի, որ Նժդեհն ազգային հերոս է, որ փակեն այս թեման, թե պետք է  չարձագանքել, թե առաջարկել զբաղվել սեփական պատմությա՞մբ։

-Այս պարագայում, երևի թե, տեղին կլիներ ուղերձը: Ի վերջո, խոսողն  ինչ -որ պատահական մարդ չի, պետդումայի պատգամավոր է եղել և համապատասխան մարմինն արձագանքի: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, ապա ես չգիտեմ ՝ ընդհանրապես արժեր Ռուսաստանի նման երկրին  որևէ կերպ արձագանքել:  Այլ խնդիր է, որ Նժդեհի կերպարը, նրա արածը Հայաստանում պետք է քննարկվեր ավելի անաչառ  և հանգիստ պայմաններում: Ինքս անձամբ դեմ եմ,  երբ մարդկանց սկսում են հերոսացնել,  արձաններն են դնում,  ու ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է արձագանքում, այլ  ընդհանրապես մեր հասարակությունում քաղաքական գործիչների  բացարձակ հերոսացումն  առանց քննարկումների  ինձ համար այդքան էլ ընդունելի չէ: Եվ ամբողջ ընթացակարգն այնքան էլ ընդունելի չէ,  բայց սա մեր ներքին հարցն է, և Ռուսաստանն այս հարցում նորից վերջին երկիրն է, որ իրավունք ունի միջամտելու կամ կարծիք հայտնելու։

-Նման երևույթները չե՞ք  դիտարկում որպես  ցենզուրային վերադառնալու փորձեր։ Մասնավորապես, նույն Ռուսաստանում Պետդումայի պատգամավորը խիստ վրդովված էր բրիտանական «Ստալինի մահը» ֆիլմից և առաջարկում էր արգելել դրա ցուցադրությունը Ռուսաստանում՝ բողոքելով տեսարանից,  որտեղ Ստալինը կաթվածահար վիճակում պառկած է սեփական մեզի մեջ, իսկ  մյուս կերպարները՝ Բերիա և այլք, ներկայացված են  գրոտեսկային կամ ծաղրական: Նա առաջարկում էր, որ փորձագետներն իրենց եզրակացության միջոցով որոշեն՝ որ ֆիլմը կարելի է Ռուսաստանում ցուցադրել, որը` ոչ: Հիմա դա կարծես տարածվում է հուշարձանների վրա: Ու մտավախություն չունե՞ք, որ մեզ էլ կպարտադրեն ցենզուրան վերադարձնել արվեստ, մշակույթ։

-Սա Ռուսաստանի ոչ առաջին, ոչ վերջին՝ գրաքննություն մտցնելու փորձն է, և դա արվում է, հիմնականում,  իրենց խորհրդարանի տարբեր ներկայացուցիչների  նախաձեռնությամբ: Այս Դուման երևի Ռուսաստանի պատմության ամենից ոչ ադեկվատ խորհրդարանն է և դա չեն թաքցնում անգամ ռուս վերլուծաբանները: Բայց նույն Ռուսաստանի այս փորձերի  դեմ բավականին հետաքրքրիր ակցիաներ արվեցին։

Մենք լավագույնս տեսնում ենք, թե ինչպես կարելի է պրոպագանդայով ազդել մարդկանց  վրա և նրանց զոմբիացնել: Բայց սա նորից Ռուսաստանի խնդիրն է: Ինձ թվում է՝ մենք ևս Հայաստանում  այս խնդիրն ունենք: Նույն Մշակույթի նախարարությունը, բացի նրանից, որ ժամանակին Թումանյանի թանգարանում արգելեց Հայաստանի խորհրդայնացման հետ կապված ցուցադրությունը , հիմա էլ Սաակաշվիլու գրքի շնորհանդեսը արգելեց:  Դա ինձ համար շատ ավելի տխուր է, որովհետև Ռուսաստանը,  լինելով մեծ պետություն, շատ հանգիստ,  անթաքույց հայտարարում է, որ ինքն ավտորիտար պետություն է և գնում է դեպի ավտորիտարիզմ: Հայաստանը,  հակառակը, հայտարարում է, որ գնում է դեպի եվրոպական արժեքներ, սակայն բոլոր հարցերում, որոնք այսպես թե այնպես առնչվում են կամ խաչվում են Ռուսաստանի հետաքրքրություններին, կամ կարող են  ինչ-որ ձևով արժանանալ Ռուսաստանի քննադատությանը, փորձում է  հնարավորինս զգույշ լինել: Հատկապես, եթե դա պետական մարմինների ազդեցության տիրույթում է:  Կարծում եմ, որ սա մեզ համար սա շատ ավելի տխուր ու վտանգավոր երևույթ է, որովհետև իրականում գաղութացումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ դու սկսում ես քեզ վերաբերել իբրև գաղութատեր, և քո ամեն մի քայլ անելուց նախապես փորձում ես հաշվարկել, թե ինչպես քեզ կվերաբերեին։ Սա ինձ համար շատ ավելի տխուր երևույթ է, քան այն, ու Ռուսաստանում գրաքննությունը ավելի վաղ են մտցվել: Ցավոք մեզ վրա մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը դեմոկրատական զարգացման լավագույն օրինակը չէ:

-Այսինքն` առայժմ դուք միայն մշակույթի նախարարության մակարդակո՞վ եք այդ նմանակելու փորձերը տեսնում:

Այո, այս դեպքում մշակույթի նախարարությունը իրեն պահում է դեռևս միակ բացահայտ  գրաքննության փորձեր մտցնող գերատեսչություն, որը այն հարցերում արգելքներ է դնում,  որոնք կարող էին Ռուսաստանին նյարդայնացնել: Ես ընդհանրապես դեմ եմ որևէ գրաքննությանը, բայց այն, որ մշակույթի նախարարությունը արձագանքում է միայն մի ուղղությամբ կատարվող իրադարձություններին, սա իսկապես միտում է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ազդեցությունը այս դեպքում մեզ վրա շատ բացասական է անդրադառնում, քանի որ մենք պետք է ապրենք ազատ երկրում և ամեն մարդ ինքը որոշի, թե ինչ կարգի գրականություն կարդա, ֆիլմ դիտել կամ ցուցահանդեսի գնալ: