Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության 32 ծառայողի է ազատել աշխատանքից՝ այդ թվում Երևանի ոստիկանապետի տեղակալին

19:36 • 30.01.18

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, փոխարինվելու են երիտասարդներով։

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության տասնյակ ծառայողներ ազատվել են աշխատանքից: Ոստիկանական համակարգում ազատումներ են եղել հանրապետության գրեթե ողջ մասշտաբով։

Tert.am-ը տեղեկության առնչությամբ պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական վարչությունից։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա ասաց, որ համապատասխան հրամաններ են եղել, որոնց համաձայն՝ 23 ծառայող անցել է թոշակի, 9 ծառայող ուղարկվել է կադրերի ռեզերվ, թափուր տեղերը համալրվել են 21 ծառայողով։

Ի պատասխան հարցին՝ ազատավածների մեջ ղեկավար կազմից պաշտոնյաներ կա՞ն, նա մասնավորեցրեց. «Պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետի անձնակազմի գծով տեղակալը, Վայքի ոստիկանապետը, ով անցել է թոշակի։ Ազատվել են նաև Սյունիքի,Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի տեղակալներ և այլ ծառայողներ»։

Նշենք, որ վերջերս իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին նաև Բազումի և Մեղրիի ոստիկանապետները։

Հիշեցնենք,որ կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձևափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ, այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։