ՄԱԿ-ը լրջորեն մտահոգված է Աֆրինում խաղաղ բնակչության վիճակով

16:05 • 30.01.18

ՄԱԿ-ը լրջորեն մտահոգված է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի գործողություններով ու դրա հետևանքով Աֆրինի բնակչությանը սպառնացող վտանգով, գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքի հայտարարությանը:

Հաքը շեշտել է, որ իրենց գլխավորապես մտահոգում են մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց Աֆրինում թուրքական ԶՈւ-ի հրթիռակոծության հետևանքով մահանում են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

«Երեկ լսեցինք, որ Աֆրինի շրջանում գտնվող Սեյհ, ալ Հադիդ և Քոբալի գյուղերի վրա հարձակումներ են իրականացվել: Լուրերի համաձայն՝ կա մի քանի զոհ: ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, հարգել ազատ տեղաշարժի նրանց իրավունքն ու նրանց հասցնել առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: