Լեռ ու բարձունք գրավելով այս հարցերը չեք լուծի. քուրդ գործիչը` Թուրքիայի իշխանություններին

19:46 • 30.01.18

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնալ Այհան Բիլգենը կոշտ քննադատության է ենթարկել թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: 

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, քուրդ գործիչը հայտարարել է, որ առկա խնդիրները ռազմական ճանապարհով չեն լուծվի:

«30 տարի է Իրաքում, Սիրիայում քանի լեռ, քանի բարձունք գրավեցիք, ի՞նչ լուծվեց: Նշանակում է՝ լեռ ու բարձունք գրավելով այս հարցերը չեք լուծի: Այդ պատերազմի գնդակներն ընկնում են աղքատների սեղանների վրա, նրանց հացից կտրում», - ասել է Բիլգենը:

Նա նաև իր վրդովմունքն է հայտնել այն առիթով, որ ռազմական գործողության շրջանակներում թուրքական ԶՈւ-ն համագործակցում է «Սիրիական ազատ բանակ» խմբավորման հետ, որոնք իսլամիստական գաղափարախոսության հետևորդներ են:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: