Աբխազիայի և Հվ. Օսիայի առևտրային միջանցքների հնարավոր բացումը ՀՀ-ին արվող լավություն չէ, դրանից շահելու են բոլոր կողմերը. Արսեն Խառատյան

22:51 • 30.01.18

Վրաստանի «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանի խոսքով՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի միջով առևտրային միջանցքներ բացելու շուրջ Մոսկվայի և Թբիլիսիի բանակցությունների դրական ընթացքը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մնացած բոլոր կողմերի համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց՝ նշյալ առևտրային միջանցքների շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011 թվականին՝ դեռևս վրացական նախկին իշխանությունների օրոք: Նկատեց, որ խոսակցությունները, թե այդ պայմանավորվածությունները մոտենում են իրենց իրագործմանը, պարբերաբար են թարմանում:

«Վրացական կողմի համար սա ներքաղաքական բնույթ ունեցող խնդիր է, և ճանապարհների հնարավոր բացման պարագայում միշտ վրացական կողմին քննադատել են և շարունակելու են քննադատել, որ տեղի է տալիս Ռուսաստանին, որովհետև այդ ճանապարհների բացումով որոշ իմաստով նաև Աբխազիան և Օսիան են բլոկադայից դուրս գալիս: Սա էր պատճառը, որ երբ խոսվում էր այս միջանցքների մասին, չէր հստակեցվում, թե կոնկրետ որ կողմից են լինելու, օրինակ, տարանցիկ ստուգման կետերը: Դա պայմանավորված էր նրանով, որ վրացական կողմը չէր ցանկանում ճանաչել շփման գիծը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Պրահայում կայանալու են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի բանակցությունները, որոնց օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2011թ․«Առևտրային միջանցքների մասին» ռուս-վրացական պայմանագրի կյանքի կոչումն է։

Հիշեցնենք նաև, որ վերջերս «Կոմերսանտ»-ը զրուցել էր Գրիգորի Կարասինի հետ, ով պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համաձայնագրի կյանքի կոչման գլխավոր շահառուն Հայաստանն է, նշել էր․ «Հայաստանից խնդրանք իսկապես ունենք, սակայն տվյալ դեպքում խոսք է գնում նեղ, երկկողմ համաձայնագրի մասին Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ։ Այն պարտավորություններ չի ստեղծում երրորդ երկրների համար, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետությունների համար»,- պարզաբանել էր Կարասինը։

Արսեն Խառատյանը, խոսելով արդեն Աբխազիայի և Հարավային Օսիայի դիրքորոշումների մասին, նշեց, թե դժվար է ասել, թե դրանք ինչ ազդեցություն ունեն բանակցային գործընթացներում, սակայն անհնար է չնկատել, որ դրանցում իրենց ներգրավվածությունն ունենում են:

«Այս միջանցքների բացումը չպետք է դիտարկել որպես Հայաստանին արվող «լավություն»: Վրաստանում էլ քաղաքականության մեջ կան կողմեր, որոնք այդ գործընթացը համարում են դրական նաև Վրաստանի համար, այն իմաստով, որ այդ ճանապարհով կոմունիկացիայի վերահաստատման պարագայում կկարողանան նաև աբխազական կողմին ներգրավվել և դրանով ազդեցություն ունենալ»,- ասաց նա:

Արսեն Խառատյանը, խոսելով նաև կոմունիկացիաների ստեղծման շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին, հիշատակեց՝ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը ևս մշտապես բարձրաձայնվում է: Մատնանշեց՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան այցի ժամանակ չէր բացառել, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը հավանական է։ «Այս իմաստով այդ հայտարարությունը շարունակում է գոյություն ունենալ, և կարող է դիտարկվել գործող իշխանության կողմից»,- ասաց նա:

Հայաստանն իհարկե նշված առևտրային միջանցքները բացելուն վերաբերող բանակցություններում անմիջական ներգրավվածություն չունի, սակայն անուղղակի մասնակցում է երկկողմանի հանդիպումներում:

«Պետք է հիշեցնեմ, որ դեռևս 2014 թվականից սկսած ռուսական բանակի ստորաբաժանումները վերականգնում էին աբխազական երկաթուղին: Ինչ-որ պահի հայտարարվեց, որ երկաթգիծը կարող է գործարկվել»,- ասաց նա:

Ռուսական կողմի հետաքրքրությունը վերը նշյալ գործընթացներում, ըստ Արսեն Խառատյանի, այն է, որ ցանկանում է իր համար ճանապարհ բացել դեպի Իրան՝ Բանդեր Աբաս նավահանգիստ հասնելու համար. դրա համար երկաթգծի գործարկումը և՛ մատչելի է, և՛ կայունություն է ապահովում:

«Այնպես որ միայն Հայաստանը չէ, որ այս գործընթացներում կարող է շահող լինել: Բոլոր կողմերն էլ ունեն իրենց շահերը»,- նշեց նա:

Հայաստանը Լարսին այլընտրանք համարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի միջանցքներ բացելու բանակցությունների վրա ազդեցություն, ըստ Արսեն Խառատյանի, ունենում է այնքանով, որքանով որ կարողանում է:

«Լարսի այլընտրանքի հետ կապված և՛ հայկական, և՛ վրացական կողմերը հայտարարում են, որ փնտրում են այլընտրանքային հնարավորություններ: Թե որ կողմը, այդ այլընտրանքն ասելով, ինչ նկատի ունի, չենք կարող ասել։ Ես որքան հասկանում եմ՝ ամենը պայմանավորված է ռուս-վրացական պայմանավորվածություններով,- ասաց նա՝ հավելելով,- պետք է այնուամենայնիվ նշել, որ վրացական կողմն էլ շահագրգռված է, որ Հայաստան-Ռուսաստան ենթակառուցվածքը գործի, որովհետև Վրաստանի որոշ ապրանքներ այդ ճանապարհով են մտնում Մաքսային միության շուկաներ»:

Նշենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լրագրողների հարցմանը Մոսկվայի և Թբիլիսիի միջև եղած բանակցություններից սպասելիքների մասին: Նա նշեց․ «Այդ ճանապարհների բացումը ՀՀ-ի համար կարևորագույն խնդիր է: Սա նուրբ բանակցային գործընթաց է: Եթե հայտարարելու բան լիներ, կհրապարակվեր, շահագրգռված ենք, որ գործընթացը վերջնական փուլին հասնի»: