Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը չեղարկվել է տեխնիկական խնդիրների պատճառով. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն

17:10 • 30.01.18

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը չեղարկել է Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Միջոցառումը նախատեսված էր թանգարանի սրահում փետրվարի 7-ին, սակայն տնօրենի խոսքով՝ սրահի վարձակալության պայմանագիրը չի կնքվել տեխնիկական խնդիրների պատճառով, ինչի մասին ծանուցել են գրքի թարգմանչին:

«Ես հաշվետվությունների մեջ էի, հաշվապահությունը զբաղված էր, որևէ պայմանագիր չէի կարող կնքել։ Ես իրեն առաջարկեցի, որ հետաձգի գրքի շնորհանդեսը, ինքն ասաց, որ չի կարող», - Tert.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Ասատրյանը՝ հերքելով տեղեկությունը, թե գրքի շնորհանդեսի արգելքը, հնարավոր է, դրվել է Մշակույթի նախարարության կողմից:

Նա նշեց, որ Սաակաշվիլիի կենսագրության մասին պատմող գրքի բովանդակության մեջ խնդիրներ տեսնելու հարց էլ չի առաջացել:

«Ես չեմ էլ տեսել՝ ինչ բան է, ախր եթե մի բանին ծանոթ չեմ, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ»,-ասաց Ասատրյանը: