Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկի առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի կոնստրուկցիայի փլուզվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 14-ի:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ տուժածների բուժման համար կվճարի Առողջապահության նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:
Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Կոբախիձեն հաստատել է, որ դեպքի առնչությամբ քննչական միջոցառումներ են իրականացվում:
Բժիշկների խոսքերով՝ վիրավորների մեծ մասի վիճակը բավարար է, մի քանիսինը՝ միջին ծանրության: Հիվանդների մեծ մասի մոտ գրանցվել են վերջույթների կոտրվածքներ և ուղեղի ցնցում:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մետրոյի այդ կայարանում վերանորոգումն ավարտվել էր չորս ամիս առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերին:
«Վարկետիլին» Թբիլիսիի մետրոպոլիտենի հիմնական ճյուղի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասի անմիջապես մի քանի խոշոր միկրոթաղամաս:










