Այսօր զինվորը շատ վստահ է կանգնած առաջին գծում, որովհետև ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին. Մովսես Հակոբյան

16:26 • 30.01.18

Զորակոչը շատ գոհացուցիչ է, այն ծրագրերը, որ նախատեսել էինք, բավականին հաջողված են, մասնավորապես՝ «Ես եմ» ծրագրից ունեցած մեր ակնկալիքները կրկնապատկվել են: Այս մասին ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

«Սա շատ հաջողված ծրագիր է: Ի՞նչ է տալիս այն բանակին: Պետությունը և բանակը կանգնում են երիտասարդի կողքին, և այն քաղաքացին, որ ընտրել է բանակում ծառայությունը կամավորական սկզբունքով առաջին գծի զորամասերում, բավականին մեծ առավելություն է ստանում սկզբնական փուլում իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու համար»,-ասել է Մովսես Հակոբյանը:

Նա հիշեցրել է, որ «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողները ծառայում են 3 տարի առաջնագծում, որից 7 ամիսը արձակուրդում են լինում, զինծառայողի հաշվին փոխանցվում է 5 մլն. դրամ, որը նա կարողանում է օգտագործել բնակարան ձեռք բերելու նպատակով, հիփոթեքային վարկի վճարման համար, բիզնես ծրագիր իրականացնելու համար, ինչպես նաև ուսման նպատակով:

«Ի՞նչ է շահում բանակը: Հայտնի ճշմարտություն է, որ զինվորը զորակոչվում է՝ զինվորական գործին համարյա թե անտեղյակ: Վեց ամսվա ծրագրից հետո նա կատարելագործվում է, լավ զինվոր դառնում է մեկ տարի հետո և մեկ տարի ևս ծառայելուց հետո զորացրվում է: Բանակը շահում է մեկ տարի ավելի երկար ծառայող պատրաստված զինվոր: Սա, միանշանակ, բարձրացնելու է բանակի մարտունակությունը: Բացի այդ, առաջին գիծ ծառայության կամովին են գնում: Կարծում եմ՝ «Ես եմ» ծրագիրն ընտրող զինվորները բավականին հասունացած երիտասարդներ են, գոնե ինքն իր կյանքը մոտակա հինգ տարին պլանավորել է: Իսկ այդպիսի երիտասարդ բանակում այսօր անհրաժեշտ է»,-պարզաբանել է ԳՇ պետը:

Նրա ձևակերպմամբ՝ «Ես եմ» ծրագրով շահում է և՛ բանակը, և՛ զորակոչիկը, դրանով շահում է մեր հայրենիքը:

Այս պահին մեզ մոտ 2 տոկոսով աճել է զորակոչի թիվը, բոլորն արդեն գալիս են բանակ ծառայելու: Խուսափողների թիվը հասել է մինիմալի, զինկոմիսարիատն այսօր ցուցանիշներ է հաղորդում, որ երբևէ չենք ունեցել: 

Անդրադառնալով առաջնագծի ու բանակի տեխնիկական հագեցածությանը՝ Մովսես Հակոբյանն ասել է, որ ընդհանրապես բանակի զարգացումը համակարգված միջոցառումներ են, ինչպես առաջնագծում, այնպես էլ պահեստազորի զորամասերում, ստորաբաժանումներում, որովհետև որևէ առաջընթաց բանակը չի կարող ունենալ, եթե այն ամբողջական չէ. «Առաջին գծում մեր թերությունները, բացթողումները, որոնք եղել են, որպես այդպիսին, բացթողում չեմ կարող ասել, խնդիրներ են եղել հետախուզման հետ կապված՝ հակառակորդի մտադրություններն ավելի վաղ չհայտնաբերելու մասով: Այսօր այդ խնդիրը լուծված է, և 2017 թ. հակառակորդին չհաջողվեց որևէ դիվերսիոն գործողություն ավարտին հասցնել: Խմբերը, որ պլանավորում էին ներխուժել մեր պաշտպանության խորքը կամ դիրքեր, բոլորը ժամանակին հայտնաբերվել են և ոչնչացվել: Ցավոք, 2018 թ. հունվարը սկսվեց այդպիսի փորձերով, 2 այդպիսի դեպք եղավ, երկուսն էլ ժամանակին հայտնաբերվել և կանխվել են»:

Մովսես Հակոբյանը վստահեցրել է, որ այսօր զինվորը շատ վստահ է կանգնած առաջին գծում, որովհետև ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, այսօր հակառակորդն ավելի խոցելի է ավելի մեծ հեռավորությունից: