Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապ ենք հաստատել, անհանգստանալու որևէ հարց չկա. «ՀԺ» տնօրեն
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ խմբագրությունից կապ են հաստատել և տեղեկացել, որ անհանգստանալու որևէ խնդիր չկա. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «ՀԺ» օրաթերթի տնօրեն, թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը:
«Կապ ենք հաստատել Աննայի հետ, լուրջ անհանգստություններ, բնականաբար, չկան, խնդիրը միայն բյուրոկրատական քաշքշուկի մեջ է, որը լուծվել է առանց բացասական հետևանքների»,-ասաց Գևորգյանը:
Նշենք, որ Տիգրան Բալայանը armtimes.com կայքի հետ զրույցում նշել է, թե տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ձերբակալել, բայց Փաշինյանը կտրականապես կապի դուրս չի գալիս:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրառում էր կատարել, որ Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Ոստիկանությունից, սակայն, հայտնել են, որ «01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:
Հայկ Գևորգյանը նշեց, որ զույգը Հռոմ կարճ ժամանակով է գնացել և խնդիրը, թերևս, այն է եղել, որ այդ կարճ ժամանակահատվածն անցկացրել են բյուրոկրատական քաշքշուկների վրա:
Ի դեպ` զույգը Իտալիա էր մեկնել ամուսնության տարեդարձը նշելու:











