Սոչիում Սիրիայի հարցով հանդիպմանը սիրիական ընդդիմության շահերը ներկայացնում է Թուրքիան. լրատվամիջոցներ
Սոչիում մեկնարկած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսում սիրիական ընդդիմության շահերը ներկայացնում է Թուրքիան, այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուքրիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին:
Սոչիի բանակցություններին ի սկզբանե մասնակցության հրավեր ստացած ու ընդունած սիրիական ընդդիմադիր խմբավորումների մի շարք ներկայացուցիչներ այսօր օդանավով ժամանել են Սոչի, սակայն անսպասելիորեն հրաժարվել բանակցություններին մասնակցությունից:
Պատճառն, ըստ լրատվամիջոցների, հանդիսացել է իրենց կողմից չընդունվող Սիրիայի պետական դրոշի առկայությունն օդանավակայանում և բանակցությունների սրահում:
Ավելի ուշ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիրիայի ընդդիմության շահերը բանակցություններում կներկայացնի Թուրքիան: Աղբյուրը նշում է, որ նման որոշում կայացվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հեռախոսազրույցի արդյունքում:










