Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դա վտանգավոր է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանով էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչի մասին, թե մահմեդականները պետք է միավորվեն արցախյան հիմնախնդրի լուծման համար:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը իսլամական երկրներին փորձում է ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ դրան կրոնական երանգ հաղորդելու համար, իսկ դա վտանգավոր է:
«Կրոնական երանգ հաղորդելը չի արտացոլում հակամարտության էությունը: Այն երբեք չի եղել կրոնական հակամարտություն: Սա վտանգավոր է, որովհետև ներկա դրությամբ երկրներում ծայրահեղականություններ են ծնվում: Կան բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, կազմավորումներ, որոնք անգամ իրենց անվան մեջ կիրառում են կրոնական բովանադակությունը, բայց բնական է, որ նրանք կապ չունեն կրոնի հետ, իսլամի հետ: Սա մարդկանց խաբելու տարբերակ է: Իսկ Ադրբեջանը նույն քաղաքականությունն է վարում»,- ասաց Արցախի նախագահի խոսնակը:
Բաբայանի խոսքով՝ Փաշազադեի շուրթերով Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը և դրանով էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում, որը ահաբեկչության դրսևորում է:
Նա նշեց, որ ամեն դեպքում մահմեդական երկրները, բացառությամբ մեկ-երկուսի, դժվար թե արձագանքեն նրա կոչին: «Թուրքիան, որը այս հակամարտության հիմնական գործոններից մեկն է, Թուրքիան ստեղծեց այս արհեստածին Ադրբեջան երկիրը, կաջակցի այս հայտարարությանը: Թուրքիան գոտեպնդում է Ադրբեջանին ագրեսիվ քաղաքականություն վարելու հարցում: Կարձագանքի նաև Պակիստանը: Չեմ կարծում, որ ուրիշ որևէ երկիր կարձագանքի այս կոչին»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:
Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ Թուրքիան ու Պակիստանը միշտ էլ աջակցել են Ադրբեջանին՝ տնտեսական, ֆինանսական շահերից ելնելով, բայց երբեք ոչ կրոնի համար:
Դավիթ Բաբայանը նշեց, որ իսլամական մի քանի պետությունների հետ Հայաստանը սերտ կապեր ունի, խոսքը Իրանի, արաբական աշխարհի, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների մասին է և Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել կապերը:
«Սփյուռքի ներուժն էլ պետք է օգտագործվի այս հարցում: Հատկապես Մերձավոր Արևելքում Սփյուռքը մեծ հարգանք է վայելում: Մենք պետք է զարգացնենք երկկողմ հարաբերությունները, չեզոքացնենք Ադրբեջանական դիվերսիոն քաղաքականությունը դիվանագիտական ու ռազմական դաշտերում»,- ասաց նա:










