Լեհաստանի սենատը հավանության է արժանացրել օրենքը, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոստին աջակցելու համար
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոստին աջակցելու համար: Օրենքի հակառակորդներն այն անվանում են պատմությունը վերաշարադրելու փորձ, գրում է BBC-ն:
Օրենքը նաև արգելում է Լեհաստանի տարածքում եղած նացիստական ճամբարներն անվանել «լեհական»: Դրա համար նախատեսվում է տուգանք կամ երեք տարվա ազատազրկում:
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի՝ այն պետք է ստորագրի նախագահը:
Այդ օրենքն արդեն առաջացրել է Իսրայելի դժգոհությունը, որը Լեհաստանին մեղադրել է պատմությունը վերաշարադրելու փորձի համար:
Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Լեհաստանին հրաժարվել այն ընդունելու մտադրությունից:
«Ես կտրականապես դեմ են այդ օրենքին: Չի կարելի վերաշարադրել պատմությունը, հոլոքոստի փաստը չի կարելի ժխտել»,- ասել է Նեթանյահուն իր պաշտոնական հայտարարությունում:
Չորեշքաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես դիմել է Լեհաստանի կառավարությանը՝ խնդրելով վերանայել այդ օրենքի նախագիծը և հայտարարելով, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ այն կարող է խախտել երկրում խոսքի ազատությունը և վնասել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին:










